Արաբական Միացյալ Էմիրություններում 50 աստիճան շոգի դեմ պայքարելու համար անօդաչու թռչող սարքեր են օգտագործում, հաղորդում է Business Insider-ը: Դա հնարավոր է դարձել դրոնների շնորհիվ, որոնք ամպերը խոցում են էլեկտրական հոսանքով, ինչը նրանց դրդում է բախվել եւ տեղումներ առաջացնել: Այս մեթոդը կոչվում է «ամպերի սերմանում»:
Տեղումների քանակն ավելացնելու նպատակով ԱՄԷ-ի կառավարությունը 15 մլն դոլար է հատկացրել «ամպերի սերմանում» նախագծի համար: Այս տեխնոլոգիան մշակել են բրիտանական Ռեդինգի համալսարանի փորձագետները: Նախագծի վրա աշխատող գիտնականները հայտնել են, որ ԱՄԷ-ում բավականաչափ ամպեր կան տեղումներ առաջացնելու պայմաններ ստեղծելու համար:
«Մենք փորձում ենք ամպերի ներսում կաթիլներն այնքան մեծ դարձնել, որ ամպերից ընկնելով՝ մակերեւույթի վրա գոյատեւեն»,- ասում է հիմնական հետազոտող Քերի Նիկոլը:
Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարությունը նաեւ անձրեւները պահպանելու ուղիներ է փնտրում: Դրա համար երկիրն ունի մոտ 130 պատվար եւ ամբարտակ՝ 120 մլն խ/մ ջրի տարողությամբ: Երկրի օդերեւութաբանության եւ սեյսմոլոգիայի ազգային կենտրոնի գործադիր տնօրեն Աբդուլլահ Ալ-Մանդուսը հայտարարել է, որ մտադիր չէ «ոչ մի կաթիլ անձրեւ կորցնել»:
0Comments