Ընդդիմադիր ուժերի հակառեյտինգը՝ պարտված իշխանության մեղքերի արդարացման գործիք

Մանրամասներ

Քաղաքական համակարգը միայն իշխանությամբ չի սահմանափակվում։ Թե որքանով է արդյունավետ գործում ընդդիմությունը, ինչ գործիքակազմով, ինչ մարտավարությամբ, ինչ դեմքերով, ըստ այդմ էլ կառուցվում է քաղաքական խոսույթը, եւ ինչքան էլ ամենազոր թվա իշխանությունը, նրա կյանքը, կախված ընդդիմության բնույթից, կարող է ընդհուպ դժոխքի վերածվել։

1

Վերջին շրջանում ակտիվացել են փողոցային պայքարը վերսկսելու, արտախորհրդարանական ընդդիմադիր ձեւաչափը վերականգնելու մասին խոսակցությունները։ Մտահղացումը, իհարկե, կարող է թարմություն բերել ԱԺ ընդդիմադիրների օրակարգին, լրացնել այն, բայց նախեւառաջ պետք է խորապես ուսումնասիրել ոչ վաղ անցյալի ընդդիմադիր փորձն ու հատկապես Հայրենիքի փրկության շարժման ձախողման պատճառները։

Հայաստանյան ընդդիմության փակուղային մարտավարությունն սկսվել է հեռավոր 1992-ին, երբ ընտրություններում փոքրաթիվ մանդատ ստացած քաղաքական ուժերը ելնում էին փողոց եւ պահանջում նախագահի կամ կառավարության հրաժարականը։ Դա ոչ միայն արդյունք չէր տալիս, այլեւ ինչ-որ հանգուցային պահի հանգեցնում էր նույն այդ ընդդիմադիր ուժերի լուսանցքային դառնալուն, ապա եւ ասպարեզից դուրսմղմանը։

Ցավոք, հետպատերազմյան բողոքի ալիքը, որի արդյունքում ծնվեց Հայրենիքի փրկության շարժումը՝ իր մեջ ներառելով հիմնական ընդդիմադիր ուժերին, գործեց նախկին ընդդիմությունների ավանդական սխալները՝ կրիտիկական պահին հավաքների բազմամարդությունն այդպես էլ չվերածեց վճռորոշ գործիքի, հայտնվեց սեփական փակուղում եւ ստիպված ընդունեց իշխանության առաջադրած պայմանները՝ արդյունքում լուծարվելով որպես գործուն հարթակային ձեւաչափ։
2020-ի նոյեմբեր, դեկտեմբեր եւ 2021-ի մարտ ամիսներին ՀՓՇ հանրահավաքները բավական բազմամարդ էին, մի քանի տասնյակ հազար մարդ պատրաստ էր նույնիսկ վճռական գործողությունների, օրինակ՝ կառավարության կամ ԱԺ-ի շենքերի տեւական շրջափակման, բայց այդ ուժը, թափը եւ էներգետիկան այդպես էլ չկապիտալիզացվեց։

ՀՓՇ ղեկավարությունը բավարարվեց սոսկ «դավաճան Նիկոլ», «թուրք Նիկոլ» եւ նմանաբնույթ այլ վանկարկումներով, անդեմ եւ անհասկանալի երթերով եւ Բաղրամյան պողոտայում մի քանի վրան խփելով։

Շուտով ՀՓՇ-ն պառակտվեց, դրա մասնակիցների մեծագույն մասն սկսեց առանձնաբար պատրաստվել իշխանության կազմակերպած արտահերթ ընտրությանը, մի բան, որ բացառում էին ի սկզբանե։ Մարզային այցերի կազմակերպումը դարձավ Շարժման ֆիասկոն, ակնհայտ էր, որ տեղերում կազմակերպչական աշխատանք չի տարվել, եւ մեր մարզաբնակ հայրենակիցները պարզապես անհաղորդ էին կատարվողին։

Շարժման անդամ 17 կուսակցապետերի մեծ մասի վերջին հանդիպումը, հավանաբար, ամենեւին ոչ քաղաքական մթնոլորտում էր՝ Գագիկ Ծառուկյանի որդու հարսանեկան սեղանի շուրջ՝ լայն ժպիտներով, տոնական մթնոլորտում։

Արդյունքում՝ ընդդիմադիր ուժերի հակառեյտինգը նպաստեց այս իշխանության վերարտադրությանը եւ նրա պաշտոնավարման երկարաձգմանը, ընդդիմությունն իր անգործությամբ, անվճռականությամբ եւ պայքարի իմիտացիայով ուղղակիորեն գործիք դարձավ պարտված իշխանության մեղքերի արդարացման հարցում։

Շատ կարեւոր է, որ փողոցային պայքարի վերամեկնարկի դեպքում, ով էլ այն նախաձեռնի, որպես նպատակ հռչակի ոչ թե հանրային դժգոհության գոլորշին բաց թողնելու հնարավորություն ընձեռելը, այլ պայքարին քաղաքական բովանդակություն հաղորդելը եւ անհրաժեշտության դեպքում, կրիտիկական զանգվածի առկայության պայմաններում, հմուտ հաշվարկված գործողության գնալը, ինչպես վարվել է այս իշխանությունը երեք տարի առաջ։

Հակառակ դեպքում, միայն խորհրդարանական ընդդիմության սուր ելույթների եւ սկանդալների վրա հույս դնելով, իրատեսական չէ հարկ եղած պարագայում իշխանափոխություն իրականացնելու հնարավորությունը, ինչպես խոստանում էին երկու ընդդիմադիր խմբակցությունները։


Դավիթ Սարգսյան, «Հրապարակ»