«Ոոսկեպարում հայտնվել են ռուս զինվորներ» արտահայտութունը ողողել է հայ մամուլը: Այստեղ էականը «հայտնվել են» կրավորական սեռի բայն էր, որն արագ տիրաժավորվեց: Կարծես հայկական հողում ռուս զինյալների տեղաբաշխումը նույնքան բնական է եւ ինքնաբերական, ինչ ձմռան երկնքում ձյան փաթիլների կամ աշնան ամպերի տակ՝ անձրեւի կաթիլների հայտնվելը
Տեղի է ունենում Լավրովյան տխրահռչակ ծրագրի հերթական փուլի իրականացումը, որի բուն թիրախը Հայաստանն է: Իրողությունը պատկերացնելու համար հարկ է նկատի ունենալ ծրագրի կարեւորագույն հանգամանքը. 7 շրջանների վերադարձը Բաքվին առանց պատերազմի ամենեւին ընդունելի չէր Ռուսաստանի համար: Նույնը վերաբերում էր նաեւ պատերազմի դեպքում Շուշին ռուսական գոտում թողնելուն՝ դա նույնպես ընդունելի չէր Մոսկվայի համար: Առաջին հայացքից տարօրինակ այս պնդումները բացատրության կարիք ունեն, հաշվի առնելով դրանց տիպական կապը Ոսկեպարի հետ:
Ինչու «Լավրովյան» պատերազմը ավելի քան հավանական էր
Ազատագրված տարածքներից խաղաղ նահանջի դեպքում առաջանալու էր ԼՂՀ բանակը զինաթափելու եւ սպառազինությունը ոչնչացնելու խնդիրը, որ պիտի իրականացնեին ՌԴ ԶՈՒ ստորաբաժանումները: Երկրորդը. ի տարբերություն ներկա վիճակի, ՀՀ եւ ԼՂՀ բնակչության շրջանում չէր լինելու 4-5 հազար երիտասարդների եւ նախկին ԼՂԻՄ տարածքի մեծ մասի կորստյան հոգեբանական շոկը, ինչը պարարտ հող էր դառնալու շուտափույթ ռեւանշին ձգտելու համար: Չէին կոտորվելու նաեւ Բաքվին ենթակա զինուժի 18-20 հազար մարտիկները եւ չէր ոչնչանալու նրանց հսկայական զինանոցի մեծ մասը: Սա ՌԴ համար անցանկալի հանգամանք էր նույնպես: Երրորդ կողմի տարածքում պրոքսի-պատերազմի վարման յուրահատկության մասին արժե խոսել առանձին:
Ինչ վերաբերում է Շուշիի ետպատերազմական ճակատագրին, ապա ռուսական գոտում մնալու դեպքում հայ բնակչությունը պիտի վտարվեր քաղաքից ՌԴ ԶՈՒ միջոցով, իսկ թյուրք իրական եւ թվացյալ վերաբնակները ձեւավորելու էին «ադրբեջանական» ՏԻՄ, որ դամոկլյան սրի պես կախվելու էր ռուսների վրա, մանավանդ պարոնայք Ալիեւի եւ Էրդողանի նվաստացուցիչ այցելությունների ժամանակ: Շուշիի խնդրով սրվելու էին նաեւ հայ-ռուսական հարաբերությունները՝ դարձյալ ռեւանշի հովերով: Երրորդ, ուղղակի ռուսական վերահսկողության ներքո եկեղեցիների ռուսացումը կամ ուդիացումը բարդությունների աղբյուր էր դառնալու: Այսպիսով, ոչ միայն հայկական, այլեւ «ռուսական» Շուշին անընդունելի էր Մոսկվայի համար: Այս թեմայով Պուտին-Փաշինյան հեռակա բանավեճի ճշմարիտ կողմը Փաշինյանն է:
Նշենք նաեւ, որ ետպատերազմական շոկը պարտադիր էր ԼՂՀ ոչնչացման ծրագրով: Առավել պարզ դա երեւում էր Երեւանի ռուսաենթակա միջոցների հեռարձակած «TV-Ռեքվիեմների» եւ ոչ կանոնավոր պատերազմի այլ դրսեւորումներից: Անզուսպ հեծեծանքը կոչված էր խորացնելու հոգեբանական տրավման եւ երկարաձգելու հանրության կաթվածահարությունը:
«Զագրադօտրյադ» պոգրանօտրյադի փոխարեն
Ռուսական «հայանպաստ» միջամտությունը ՀՀ արեւմուտքում՝ թուրքերի եւ արեւելքում՝ «ադրբեջանցիների» դեմ բացառվում է «հակադիր կողմի անհամաձայնության» միեւնույն անհեթեթ պատճառաբանությամբ: Փոխարենը, «ՌԴ ՖՍԲ (ԱԴԾ) իրավասության շրջանակներում» իրականացվելու է ՀՀ քարտեզի մասնատումը Սիրիայի «ցեցը կերած» քարտեզի օրինակով:
Կանոնավոր բանակի եւ ինքնապաշտպան բնակչության թիկունքում տեղակայվելու են ՖՍԲ զագրադօտրյադներ: Դրանք արգելափակելու են հայկական ուժերի արդյունավետ որեւէ փոխազդեցություն եւ թիկունքից մեջքին ուղղված կրակի սպառնալիքով «ուղղորդելու» բացառապես դեպի սպանդ: Կիրառվելու է նաեւ 1916 Վանի եւ 1944 Վարշավայի մարտավարությունը: 2020 Արցախի հարուստ փորձը նույնպես կիրառելի է: Ահա Ոսկեպարի «պոգրանօտրյադի» առաքելությունը, որը կրկնօրինակվելու է ՖՍԲ առաջին եւ երկրորդ էշելոնների ճակատագծի [Տարասով, 01/01/21] ողջ երկայնքով:
Սա է Նիկոլ Փաշինյանի վարչախմբի եւ այն իշխանության բերած ընդդիմության կամա թե ակամա գործառույթը: Աղետին նախոդելու են փառատոնները, ինչպես սեպտեմբեր 27-ին նախորդեց «Հայաստան-2030» շնորհանդեսը: Արժե իմանալ, որ Մոսկովյան նախագծողների մտահղացմամբ, «պողպատե» մանդատ պիտի հանդիսանար դեռեւս ՍԴ հարցով անցկացվելիք ՀՀ հանրաքվեն: Կորոնավիրուսը փոքր-ինչ խանգարեց ծրագիրը՝ որը պիտի ավարտվեր լիակատար կապիտուլյացիայով դեռեւս 2020-ին:
2021 հունիս 20-ի ընտրություններն անցել են անխափան: Թե ինչ քաղաքական գործառույթ են ունենալու ՖՍԲ զագրադօտրյադները պողպատե մանդատի դարաշրջանում, կաշխատենք ներկայացնել:
0Comments