Հայաստան կմտնի շատ մեծ փող. Վաճառված պետություն

Իրավիճակ

«Արդեն մեկ ամսից ավելի է՝ Հայաստանը չունի արտգործնախարար, չկան նաև արտգործնախարարի առաջին, երկրորդ և մնացած տեղակալները։ Լայն իմաստով, մեկ ամսից ավելի Հայաստանը չունի արտաքին քաղաքականություն, ինչն իրականում չափազանց խորհրդանշական է ու արտահայտում է իրերի այն դրությունը, որն ընդամենն օրեր առաջ ձևավորվել է նաև արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով։

Այդ ընտրությունները, խոշոր հաշվով, Հայաստանի սուբյեկտայնության ավարտի, պետության՝ որպես արտաքին հարաբերությունների սուբյեկտի գոյության դադարի մասին էին, որոնց համաձայնություն տվեց հայ հասարակությունը։

Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ պարտված Արցախյան երկրորդ պատերազմից հետո Հայաստանը գործնականում դադարել է հանդես գալ՝ որպես միջազգային հարաբերությունների սուբյեկտ։ Մասնակցելով խորհրդարանական ընտրություններին՝ Նիկոլ Փաշինյանը հայտ ներկայացրեց շարունակելու Հայաստանի անսուբյեկտ գոյությունը, և այդ հայտը բավարարվեց։ Դա նշանակում է, որ առաջիկայում ևս Հայաստանը դե ֆակտո չի լինելու միջազգային հարաբերությունների սուբյեկտ։ Հայաստանի մասին կայացվելու են որոշումներ Ռուսաստանի, Թուրքիայի, ԱՄՆ-ի, Ադրբեջանի, Եվրամիության, այլ աշխարհաքաղաքական խաղացողների կողմից ու դրանց հարաբերություններում, և Հայաստանն ընդամենը լինելու է այդ՝ արդեն իսկ կայացված որոշումների սպառողն ու իրացնողը։

Սուբյեկտայնության դադարը նշանակում է, որ երկիրն այլևս որոշումների կայացման գործընթացի մասնակից չէ, որոշումներ կայացնող չէ ու դրանց մատակարար չէ և ընդամենը հանդես է գալիս՝ որպես կայացված որոշումների իրականացնող։

Այս բանաձևին համաձայնել է Նիկոլ Փաշինյանը և նրա միջոցով՝ նաև նրան ընտրած հայ հասարակությունը։ Համաձայնությունը, բնականաբար, նշանակում է, որ համաձայնողն ինչ-որ բան է ստանալու համաձայնության դիմաց։

Ահա այդ տրամաբանությամբ, Հայաստանը սուբյեկտայնության, պետության կորստի դիմաց ինչ-որ բան ստանալու է, ամեն ինչ ունի իր գինը, և հայկական սուբյեկտայնության գնորդները վճարելու են դրա դիմաց։ Վճարը կարող է լինել, օրինակ, օտարերկրյա ներդրումների, դրամական ամենատարբեր հոսքերի, իշխանությունների սիրած դրամաշնորհների, փողի մուտքի տեսքով, մի խոսքով։ Ժամանակի ընթացքում Հայաստան կմտնի մեծ փող, որի ծագումը քչերին կհետաքրքրի, քանի որ փողը, ինչպես հայտնի է, հայրենիք չունի, եթե անգամ դրա ծագման աղբյուրը Թուրքիան է կամ Ադրբեջանը։

Դա առաջին հերթին կբավարարի Նիկոլ Փաշինյանի ու նրա իշխանության շահերը, նրանք առատորեն կվարձատրվեն Հայաստանի սուբյեկտայնության վաճառքի դիմաց, և որպես ածանցյալ հետևանք՝ վճարված փողը կունենա նաև սոցիալական ու տնտեսական նշանակություն, նոր ներդրումները կստեղծեն նոր աշխատատեղեր, դա կհանգեցնի նոր աշխատավարձերի վճարման, դա էլ իր հերթին՝ վճարունակ պահանջարկի ավելացման, մի խոսքով, սուբյեկտայնության վաճառքից բաժին կհասնի նաև հասարակության մի հատվածին… Եթե ոչ բոլորը, ապա զգալի մասը կլինի գոհ ու համեմատաբար կուշտ։

Այդ հարաբերական կուշտ վիճակը մոռացության կմատնի առանց այդ էլ չգիտակցված իրողությունը, որ դա ապահովվել է Հայաստանի սուբյեկտայնության վաճառքի դիմաց, մարդկանց մեծ մասին, ինչպես ցույց տվեցին նաև այս ընտրությունները, դա մեծ հաշվով քիչ է հետաքրքրում, կամ չի հետաքրքրում ընդհանրապես։ Նրանց չի հետաքրքրում նաև պետություն կորցնելու այս հեռանկարը…

Իսկ իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ֆորսմաժորների բացակայության դեպքում նորից վերարտադրվելու հնարավորություն կստանա՝ ունենալով մի կողմից՝ հայկական սուբյեկտայնության գնորդների քաղաքական աջակցությունը, մյուս կողմից՝ նրանց իսկ ֆինանսական ներարկումները, որոնք կապահովեն հանրության բավարարվածությունը։

Այնպես որ, իրականում Հայաստանը արտգործնախարարության կարիք ընդհանրապես չունի, քանի որ միջազգային հարաբերությունների օբյեկտներն արտաքին քաղաքականություն չունեն և չեն վարում։ ԱԳՆ-ի փոխարեն՝ բավարար է ունենալ մեկ սուրհանդակի գրասենյակ, որն այս կամ այն մայրաքաղաքում կայացված որոշումը կփոխանցի կառավարությանը»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։