Ադրբեջանցիները կարողացել են ՀՀ տարածք գալ, քանի որ պատճառը ձմեռն է. չենք կարողացել ամբողջ սահմանը կահավորել. Արմեն Գրիգորյան

Հասկանում եմ մեր հայրենակիցների մտահոգությունները, բայց մենք ամեն ինչ անում ենք. ԱԽ քարտուղար

ա

Դեռ ամբողջովին չի հաջողվել ադբեջանցիներին ՀՀ տարածքից դուրս հանել, բանակցություններն ընթանում են: Այս մասին այսօր Առաջին ալիքի եթերում ասաց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ խոսելով ադբեջանցի զինվորականների՝ Սև լճի տարածք գալու մասին:

«Բանակցությունները ևս իրենց մեջ մեսսիջներ ու ահազանգեր են պարունակում, որպեսզի խնդիրն արագ կարգավորվի: Բանակցությունների ընթացքում տեսնում ենք, որ խնդրի կարգավորմանն ենք գնում և եթե մինչև ՀԱՊԿ-ի գործընթացի սկսելն այն չկարգավորվի, ապա միանշանակ է, որ ՀԱՊԿ միջամտությունից անմիջապես հետո այս խնդիրը կկարգավորվի»,-ասաց նա:

Խոսելով այն մասին, թե ինչպես է ստացվում, որ հակառակորդը կարողանում է գալ Հայաստանի տարածք՝ ԱԽ քարտուղարը նշեց, որ պատերազմի ավարտից հետո սահմանային փոփոխություններն են եղել և ձմռան պատճառով չեն կարողացել ամբողջ սահմանը կահավորել:

«Գիտեք, որ սահմանագիծը երկարել է և այս պայմաններում բոլոր խնդիրները միանգամից լուծել չի հաջողվել, բայց միանշանակ է, որ ժամանակի ընթացքում բոլոր հարցերը կկարգավորենք, այնպես չէ, որ 1994 թվականին ամբողջ սահմանը կահավորված է եղել, դրա համար երկար ժամանակ է պահանջվել, այս դեպքում էլ որոշակի ժամանակ կպահանջվի: Հասկանում եմ մեր հայրենակիցների մտահոգությունները, բայց մենք ամեն ինչ անում ենք»,-նշեց Գրիգորյանը: