ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է վերսկսել իր աջակիցների հանրահավաքները և այդ հարցը քննարկելու համար օրերս հանդիպում է անցկացրել, հաղորդում է CNN հեռուստաալիքը:
Խոսքը Make America Great Again («Ամերիկան կրկին հզոր դարձնենք») կարգախոսով հանրահավաքների մասին է, որոնք լայնորեն անցկացվել են 2016 թվականին Թրամփի նախընտրական արշավի ժամանակ և շարունակվել նրա նախագահության տարիներին։
Ինչպես նշում է հեռուստաալիքը, նոր հանրահավաքների անցկացումը նախատեսված է մայիսին։
«Մենք 2020 թվականին այդ հանրահավաքների պլանավորման հարցում իսկապես հաջողության ենք հասել, ուստի, հնարավոր է, կրկին դիմենք նույն կազմակերպիչներին»,- հեռուստաալիքին հայտնել է նախկին նախագահին մոտ կանգնած աղբյուրը:
Ավելի վաղ Թրամփը չի բացառել, որ 2024 թվականին կրկին կարող է առաջադրվել ԱՄՆ նախագահի պաշտոնում:
Թրամփը 2020 թվականի նոյեմբերի 3-ի նախագահական ընտրություններում պարտվել է դեմոկրատական կուսակցության թեկնածու, նախկին փոխնախագահ Ջո Բայդենին:
0Comments