Գառնիկ Իսագուլյանին նույնպես ՀՔԾ են հրավիրել՝ հարցաքննության

Մանրամասներ

Կրկին կանչել են ՀՔԾ՝ հարցաքննության, անկեղծ ասած՝ չգիտեմ, թե ինչ գործի շրջանակներում։ Կարծում եմ մեղադրանք կառաջադրեն։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 18-ին Հատուկ քննչական ծառայության դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց Գառնիկ Իսաղուլյանը, ով օրերս օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաքներ կազմակերպելու եւ անցկացնելու փաստի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել էր, ապա դատարանի որոշմամբ՝ ազատ արձակվել։

«Փաստ էր մի բան, որ ինչի համար ինձ մեղադրում էին, էդ ժամին ես գտնվել եմ ԱԱԾ-ում՝ հարցաքննության»,- ասաց Իսաղուլյանը։

Նա տարակուսեց, թե ինչո՞ւ է Հայաստանում առ այսօր հայտարարված ռազմական դրություն, ապա նշեց, որ դա իշխանությունը պահելու համար է արվում։

Լրագրողի դիտարկմանը, թե Նիկոլ Փաշինյանը հրաժարական տալու մտադրություն չունի, իրավիճակից ելքերը ո՞րն է լինելու, Գառնիկ Իսաղուլյանն արձագանքեց․

«Եթե այսքանից հետո հայ ժողովուրդը չի ընդվզելու եւ ոտքի չի կանգնելու, նշանակում է, որ ինքը ցանկություն ունի, որ Նիկոլ Փաշինյանը Հայաստանն էլ հանձնի։ Հասկացեք մի բան, որ երեկ թուրքական խորհրդարանը ընդունեց հայտնի որոշումը եւ այսօր մեկ բանակային կորպուս տեղափոխվում է Ադրբեջանի հյուսիս եւ Նախիջեւան, հիմար կլինենք, եթե ազգովի չհասկանանք, թե ինչ է տեղի ունենում»։

Գառնիկ Իսաղուլյանն այսօր կայանալիք հանրահավաքին կմասնակցի, եթե ՀՔԾ-ից մինչեւ այդ բաց թողնեն։