Ավելորդ քաշը ոչ միայն բավական տհաճ խնդիր է, այլև շատ վտանգավոր, քանի որ բարձրացնում է առողջական լուրջ խնդիրների, այդ թվում՝ սրտանոթային հիվանդությունների ու շաքարային դիաբետի զարգացման հավանականությունը, սակայն խնդիրն այն է, որ մարդիկ սովորաբար սխալ են սնվում, ինչը թույլ չի տալիս ազատվել ավելորդ քաշից անգամ սահմանափակումների միջոցով:
Աննդաբանների խոսքով՝ օրվա ընթացքում մարդը պետք է լիարժեք սնվի երեք անգամ: Ընդ որում նախապատվությունը հարկավոր է տալ բանջարեղենին ու մրգերին, ինչ թույլ կտա կուշտ ուտել ու չգիրանալ: Նախաճաշը պետք է բավական հագեցնող լինի, մինչդեռ ճաշին հարկավոր է ուտել ավելի թեթև բանջարեղենային ուտեստներ ու ամբողջահատիկ հաց: Ընթրիքը պետք է շատ թեթև ու դյուրամարս լինի, ինչը կօգնի խուսափել քաշի ավելացումից: Օրվա ընթացքում կարելի է ուտել մրգեր, բանջարեղեն ու կաթնամթերք, ինչի շնորհիվ օրգանիզմը կստանա անհրաժեշտ բոլոր սննդարար տարրերը: Ընդ որում, սննդակարգը հարկավոր է նախապես մշակել՝ հաշվի առնելով կալորիաների քանակությունը:
Ուտեստներին սոուսներ ու այլ հավելումներ ավելացնելու դեպքում նախապատվությունը պետք է տալ ցածր կալորիականությամբ հավելումներին: Մասնագետները չեն հորդորում սննդակարգից բացառել սիրելի ուտեստները, սակայն խորհուրդ են տալիս փոխարինել դրանք ավելի օգտակար տարբերակներով: Օրինակ՝ արագ սննդի կետերում կարելի է պատվիրել բուսական ուտեստներ ու հավի միս, հացը կարագով ուտելու փոխարեն, կարելի է փափուկ կաթնաշոռով ուտել, իսկ երշիկեղենով սենդվիչները խորհուրդ է տրվում փոխարինել հավի մսով ու բուլղարական պղպեղով սենդվիչով, որը պատրաստված կլինի թեփով հացով:
Կաթով սուրճը պարունակում է մեծ քանակությամբ ճարպ, ուստի այն չի կարելի շատ օգտագործել: Փոխարենը շատ օգտակար են առանց շաքարավազի կանաչ թեյն ու բուսական թեյերը: Ավելորդ քաշի կուտակման պատճառ կարող են դառնալ նաև քաղցր յոգուրտներն ու եգիպտացորենի փաթիլները, ինչպես նաև չյուղազրկված կաթը, ուստի նման մթերքից հարկավոր է խուսափել: Բացի այդ, պատրաստի հյութերը խորհուրդ է տրվում փոխարինել թարմ քամած ու ջրով նոսրացրած հյութերով կամ առհասարակ նախապատվությունը տալ ամբողջական մրգերին ու հատապտուղներին:
0Comments