Սարերի հետևում չէ ՄԻԵԴ-ի որոշումը, որն առաջնահերթության կարգով պետք է լսի Գրիգորյանի գործը

Բժիշկներն ախտորոշել էին նոր հիվանդություններ, այսինքն՝ նախորդ հիվանդություններին ավելացել են նոր՝ ավելի ծանր հիվանդություններ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Մնացական Մարտիրոսյանի, երեկ կրկին մերժեց ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի պաշտպանների՝ խափանման միջոց կալանավորումը փոխելու և 5 միլիոն դրամ գրավ կիրառելու հերթական միջնորդությունը։ Իսկ հիվանդանոցում արտագնա նիստ անցկացնելու միջնորդությունը դատարանը հետաձգել է։

168.am-ի հետ զրույցում Մանվել Գրիգորյանի շահերի պաշտպան Լևոն Բաղդասարյանն անդրադառնալով միջնորդության մերժմանը՝ նշեց, որ յուրաքանչյուր դատական նիստի ժամանակ ներկայացում են նոր բժշկական փաստաթղթեր, մասնավորապես՝ վերջին նիստին ներկայացրել են կոնսիլիումի եզրակացությունը, որը միավորել էր 3-4 հիվանդանոցների 10-ից ավելի բժիշկ մասնագետների։

«Այդ բժիշկներն ախտորոշել էին նոր հիվանդություններ, այսինքն՝ նախորդ հիվանդություններին ավելացել են նոր՝ ավելի ծանր հիվանդություններ։ Այս հիմքով մենք բարձրաձայնեցինք, որ տևական  ժամանակ խոշտանգում է տեղի ունենում, և անհրաժեշտ է, որպեսզի անհապաղ փոխվի խափանում կալանքը, քանի որ կալանավորման ընթացքում անձի հիվանդությունները բարդացել են և ի հայտ եկել ուրիշ հիվանդություններ, ավելին՝ նրա կյանքին վտանգ է սպառնում»,- նշեց փաստաբանը։

Նրա խոսքով, ցավոք, ինչպես նախորդ անգամները, այս անգամ դատարանը ևս մերժեց իրենց միջնորդությունը, ինչը ոչ միայն ոչ իրավաչափ է, այլև որևէ աղերս չունի անձի առողջության հետ, որն ավելի գերակա է, քան մնացյալ գործառույթները։

Նա նաև նկատեց՝ այստեղ ուղղակի միտում է տեսնում՝ անձին պահել պատանդի կարգավիճակում և բերել այնպիսի վիճակի, որը, չնայած  գտնվելով հիվանդանոցում, այս պահին լրիվ անօգնական վիճակում է՝ չունի հնարավորություններ տեղաշարժվելու, իսկ խափանման միջոց կալանավորումը խոչընդոտում է, որպեսզի նա հնարավորինս նորմալ բուժում ստանա։

«Այստեղ ես կարևորում եմ պետության պոզիտիվ պարտավորությունը, որովհետև ուղղակի պետք է միջամտություն ցուցաբերի, քանի որ անձի կյանքին վտանգ է սպառնում։ Ավելին՝ սարերի հետևում չէ ՄԻԵԴ-ի որոշումը, որն առաջնահերթության կարգով պետք է լսի Գրիգորյանի գործը»,- նշեց Լևոն Բաղդասարյանը։

Փաստաբանը նաև տեղեկացրեց, որ երեկ է տեսել Գրիգորյանին, նրա առողջական վիճակը շատ վատ է։

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով, 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով, 205-րդ հոդվածի 2-րդ մասով, 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 38-182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով:

Այսինքն՝ նա  մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, 101.232.917 ՀՀ դրամի գույք յուրացնելու, 1.228.176.342 ՀՀ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից 1.225.003.300 ՀՀ դրամ վատնելու և շորթմամբ 37․101․100 ՀՀ դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ: