Սուրճը կարող է դառնալ հղիության ընդհատման պատճառ. գիտնականներ

Մասնագետներն ընդգծում են, որ սուրճը բարձրացնում է զարկերակային ճնշումն ու արագացնում սրտի ռիթմը, ուստի առողջական խնդիրներից խուսափելու համար այս ըմպելիքից խորհուրդ է տրվում հրաժարվել դեռ հղիության պլանավորման ժամանակ

Գիտնականներն իրենց հետազոտության արդյունքները ներկայացրել են Ֆիլադելֆիայում անցկացված համագումարի ժամանակ: Ուսումնասիրության շրջանակներում մասնագետները հարցումներ են իրականացրել ավելի քան 1200 կնոջ շրջանում, որոնք պլանավորում էին երեխա լույս աշխարհ բերել: Գիտնականներն արյան անալիզի միջոցով ստուգել են կանանց արյան մեջ կոֆեինի մակարդակը, ինչպես նաև պարզել, թե ինչ հաճախականությամբ էին նրանք կոֆեին պարունակող մթերք օգտագործում:

Այս անալիզներից հետո գիտնականները հետևել են կամավորների հղիության ընթացքին և պարզել, որ օրական մեկ բաժակ սուրճը բարձրացնում էր պտղի թերքաշության հավանականությունը, իսկ երկու բաժակ սուրճի դեպքում հղիությունը կարող է անգամ ընդհատվել: Ընդ որում՝ կոֆեինը հատկապես վտանգավոր է հղիության առաջին ութ շաբաթվա ընթացքում:

Ավելին՝ մասնագետներն ընդգծում են, որ սուրճը բարձրացնում է զարկերակային ճնշումն ու արագացնում սրտի ռիթմը, ուստի առողջական խնդիրներից խուսափելու համար այս ըմպելիքից խորհուրդ է տրվում հրաժարվել դեռ հղիության պլանավորման ժամանակ: