Թրամփն Էրդողանից պահանջել է դադարեցնել ռազմական օպերացիան

«ԱՄՆ-ը կանաչ լույս չի վառել Թուրքիայի համար՝ Սիրիա ներխուժման նպատակով»,-հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Հեռախոսազրույցի ընթացքում Սպիտակ տան ղեկավարը պահանջել է անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունը Սիրիայում, փոխանցում է Reuters գործակալությունը։

«ԱՄՆ-ը կանաչ լույս չի վառել Թուրքիայի համար՝ Սիրիա ներխուժման նպատակով»,-հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը։

Փենսը, մեկնաբանելով ԱՄՆ նախագահի և քուրդ գեներալ Մազլում Քոբանի Աբդիի հեռախոսազրույցը, հայտնել է, որ թուրքական կողմը երաշխավորել է չհարձակվել սիրիական Քոբանիի վրա։

Ավելի վաղ Պենտագոնի ղեկավար Մարկ Էսպերը մեղադրել էր Էրդողանին Սիրիայում մարդասիրական ճգնաժամի առաջացման, ինչպես նաև ռազմական հանցագործությունների իրականացման մեջ։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, հոկտեմբերի 15-ին Թրամփը հրամանագիր է ստորագրել Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցների սահմանման մասին։ Պատժիչ միջոցառումները կանդրադառնան մասնավոր անձանց, թուրքական կառավարության հետ կապված անձանց, ինչպես նաև մի շարք  կազմակերպությունների վրա։

Թրամփն իր թվիթերյան էջում գրառում է կատարել Սիրիայում տիրող իրավիճակի վերաբերյալ։

«Ես 100 տոկոսով ջախջախել են ԻՊ խալիֆայությունն ու դրանից հետո հիմնականում դուրս բերել մեր զորքերը Սիրիայից»,-գրել է Թրամփն ու նշել, որ դեմ չի լինի, եթե Սիրիայի նախագահ Բաշար Ասադը պաշտպանի քրդերին Թուրքիայի հարձակումներից։