Ադրբեջանի իշխանություններն ինչպես են ուղղակի եւ անուղղակի իմաստով թաղում «Գյանջայի իրադարձությունները»

Ադրբեջանցի իրավապաշտպանների կարծիքով՝ գործով քննությունը թափանցիկ չի կատարվում, իսկ կալանավորվածների ազգականները նրանց խոշտանգելու մտավախություններ ունեն

Ադրբեջանի իշխանությունները հայտնի «Գյանջայի իրադարձություններից» հետո անցած մեկ տարում ոչ միայն չեն հստակեցրել տեղի ունեցածը, այլեւ փորձել են վկաներին ու մասնակիցներին հարկադրել լռելու: Մինչդեռ այդ իրադարձությունների  գործով երկու դատապարտյալ արդեն մահացել է բանտերում:

2019 թվականի սեպտեմբերի 29-ին քրեակատարողական ծառայության բժշկական հաստատությունում, ըստ պաշտոնական վարկածի, մահացել է «Գյանջայի գործով» դատապարտված Էշգին Գուլիեւը: Նա մեկ օր առաջ կոմայի մեջ էր հայտնվել եւ մահացել գիտակցության չգալով: Գուլիեւը տառապաում էր C հեպատիտով:

Գուլիեւը սեպտեմբերի 19-ին դատապարտվել էր 20 տարվա ազատազրկման: Նա «Գյանջայի գործով» բանտարկության մեջ մահացած երկրորդ դատապարտյալն էր: Մինչ այդ՝ հուլիսի 10-ին, քրեակատարողական ծառայության հիվանդանոցում մահացել էր Այդին Գուրբանովը, որի մոտ առկա էր ուռուցքային հիվանդություն: Հանգուցյալի ազգականների խոսքով՝ քննության ժամանակ նրա վրա ֆիզիկական ճնշում է գործադրվել, խոշտանգումներ են կիրառվել:

Ադրբեջանցի իրավապաշտպանների կարծիքով՝ գործով քննությունը թափանցիկ չի կատարվում, իսկ կալանավորվածների ազգականները նրանց խոշտանգելու մտավախություններ ունեն: Խախտվում են կալանավորների եւ դատապարտյալների իրավունքները:

Գյանջայի իրադարձությունների հետ կապված կալանավորվել էր ավելի քան 90 մարդ: Այս իրադարձությունների հետ կապված կալանավորումները քաղաքական դրդապատճառներ ունեն, քանի որ հոդվածների մեծ մասը քաղաքական բնույթի են: Օրինակ՝ նրանց մեծ մասը մեղադրվում է «սահմանադրական կարգի բռնի տապալման», «իշխանության բռնի զավթման», «անկարգությունների կոչերի» մեջ, չնայած կալանավորվածները քաղաքական գործունեությամբ չեն էլ զբաղվել: Հարցի քաղաքական երանգները պայմանավորված են այն հանգամանքով, որ Գյանջայի իրադարձություններն օգտագործելով՝ իշխանությունները լայնածավալ գործողություն են անցկացրել բողոքողներին լռել ստիպելու նպատակով:

Ձերբակալվածները ենթարկվել են դաժան խոշտանգումների։ Գյանջայի իրադարձությունների հետ կապված ձերբակալվածների մեծ մասն անմեղ է, մյուսները ենթարկվել են ահավոր մեղադրանքների եւ պատժի։ Այդ իրադարձություններից մեկ տարի է անցել, բայց այդ ընթացքում շատ քիչ տեղեկատվություն է եղել տեղի ունեցածի մանրամասների եւ էության մասին, դրա համար էլ հասարակությանը հետաքրքրող եւ անհանգստացնող հարցերը դեռ մնում են։ Գյանջայում մահափորձի իսկական էությունը թաքցնելը՝ պայմանավորված կառավարման համակարգի բնույթով, համապատասխանում է իշխանության շահերին։ Պատճառները կոռուպցիայի փաստերի մեջ են։

Հիշեցնենք, որ այսպես կոչված «Գյանջայի իրադարձությունները» սկսվել են զինված հարձակմամբ քաղաքի գործադիր իշխանության ղեկավար Էլմար Վելիեւի վրա 2018 թվականի հուլիսի 3-ին։ Հանցագործությունը կատարած Յունիս Սաֆարովն անմիջապես ձերբակալվել է եւ զինաթափվել ոստիկանության աշխատակիցների կողմից, որոնք դեպքի վայրում էին գտնվում։ Հուլիսի 10-ին Գյանջայում անկարգությունների ընթացքում (պաշտոնական վարկածով՝ կազմակերպվել էին 150-200 մարդուց բաղկացած կրոնական արմատական խմբի կողմից) զոհվել է ոստիկանության երկու սպա՝ Գյանջայի ոստիկանության գլխավոր վարչության պետի տեղակալ, գնդապետ Իլղար Բալաքիշիեւը եւ Գյանջայի Նիզամիի շրջանի ոստիկանական վարչության պետի տեղակալ, գնդապետ-լեյտենանտ Սամեդ Աբասովը։

Րաֆֆի Սամվելյան, գրում է news.am