Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի մասին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությունն անցնում է սահմանները և հասնում անտակտության, այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արզիկ Մխիթարյանը։
Հիշեցնենք, որ Վիտալի Բալասանյանը, անդրադառնալով «Սասնա Ծռերին», ասել էր, որ 2016 թվականին ներեցին «այդ ահաբեկիչներին», սակայն հիմա ինքը հայտարարում է՝ ֆիզիկապես ոչնչացնելու են նրանց, ովքեր կփորձեն ոտնձգություն անել իր, ժողովրդի, պետության, պետականության, սահմանների, Արցախի իշխանությունների նկատմամբ: ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն էլ իր հերթին անդրադառնալով Վիտալի Բալասանյանի հայտարարությանը, «Ֆեյսբուքում» գրել էր, թե Վիտալի Բալասանյանն իրեն պահում է որպես խուլիգան, այլ ոչ թե Արցախի նախագահի թեկնածու:
«Տեսնո՞ւմ եք, անցնում ենք սահմաններն ու հասնում ենք անտակտության, չի կարելի նման ձևակերպումներով խոսել, նման արտահայտություններով, նա Արցախի հերոս է, պատերազմն անցած սպա, որը մեծ ծառայություններ է մատուցել այս երկրին, ինչ-որ տեղ եթե լեզվական սայթաքում է արել, ապա դա չի նշանակում, որ որևէ մեկը պետք է նման վերաբերմունք դրսևորի: Մենք մեր բոլոր հերոսներին ոչնչացրել ենք, ոտքի տակ ենք տվել, ո՞րն է լինելու մեր շահը, եթե շարունակենք: Ո՞րն է մեր շահը, այն, որ Ալիևը Սոչիում հայտարարում է, որ Արցախի ժողովուրդ կա, որ Արցախը Ադրբեջանն է և այլն: Նրանք շունչները պահած սպասում են, որ մենք իրար հոշոտենք, իրենք տոնակատարություն անեն: Չի՛ կարելի, եթե նույնիսկ Վիտալի Բալասանյանը նման հայտարարություն է արել, Արմեն Գրիգորյանի ասածը, որևէ տեղ չի տեղավորվում»,- ասաց նա՝ ավելացնելով, որ Վիտալի
Բալասանյանի հայտարարություններին ամբողջությամբ ծանոթ չէ:
Արզիկ Մխիթարյանը, անդրադառնալով Վիտալի Բալասանյանի հայտարարությանը, ասաց, թե չի կարծում, որ ամեն ինչ հասել է այն սահմանագծին, որ իրար ոչնչացնեն այն մարդիկ, որոնք մեծ դերակատարություն են ունեցել մեր պետականության կայացման գործում։
«Կարծում եմ, որ Նիկոլ Փաշինանի և «Սասնա Ծռերի» հանդիպումը մեծ խնդիր չէ, ցանկացած քաղաքացու հետ կարող է հանդիպել, բայց եթե իրոք Վիտալի Բալասանյանը գտնում է, որ պետությանը սպառնացող վտանգի դեպքում ներում չի լինի, իհարկե ճշմարիտ է, ցանկացած արցախցի, եթե վտանգ տեսնի՝ մեծից մինչև փոքր միասնաբար այդ վտանգի դեմ կանգնելու են: Միգուցե Վիտալի Բալասանյանը վտանգ է զգում, բայց միայն հանդիպման փաստից չի կարող վտանգ զգալ, գուցե խոհանոցին ծանոթ է և կարծում է, որ հանդիպումը ենթատեքստ ունի: Չգիտեմ իրենից պետք է մանրամասները հարցնել»,– ասաց նա:
«Մենք ֆիզիկապես պատրաստ ենք ոչնչացնել սահմանի մյուս կողմում կանգնածներին, եթե, իհարկե, ոտնձգություն կատարեն: Կրկնեմ՝ չեմ հավատում, որ «Սասնա Ծռերը» միտում ունի պետականությունը վտանգելու: Ես չեմ հավատում, որ Ժիրայր Սեֆիլյանի մեջ նստած չէ 90–ականների հայրենասերը, բայց հազար անգամ ճիշտ է Վիտալի Բալասանյանը, եթե իսկապես վտանգ լինի: Կարծում եմ, որ պարզապես ձևակերպման խնդիր է եղել»,- ավելացրեց նա:
Արմեն Գրիգորյանը հասնում է անտակտության, չի կարելի Վիտալի Բալասանյանի մասին այդպես խոսել. Արզիկ Մխիթարյան
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի խոսքով ՝ ադրբեջանցիները շունչները պահած սպասում են, որ մենք իրար հոշոտենք, իրենք տոնակատարություն անեն
0Comments