Զանգվածային հարսանիքը Դերբենդում հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում

Դերբենդի քաղաքացիական կացության ակտերի գրանցման բաժնի գրանցամատյանում 2019 թվականի սեպտեմբերի 29-ին գրառվել են համապատասխան տվյալներ 16 ազգերի 24 զույգերի մասին

Դաղստանի Դերբենդ քաղաքում կիրակի՝ Քաղաքի օրը կազմակերպված հարսանիքը տեղի Նառին-կալա մարզադաշտում հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում որպես ամենաբազմազգ հարսանիք եւ հյուրերի ամենամեծ թվաքանակով արարողություն, տեղեկացնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։

«Ամուսնությունների գրանցման մարմինների ողջ պատմության ընթացքում ես առաջին անգամ եմ հանդիպում Դերբենդի հինավուրց հողում նման վիթխարի իրադարձության՝ ամենամեծ բազմազգ հարսանեկան արարողությանը։ Դերբենդի քաղաքացիական կացության ակտերի գրանցման բաժնի գրանցամատյանում 2019 թվականի սեպտեմբերի 29-ին գրառվել են համապատասխան տվյալներ 16 ազգերի 24 զույգերի մասին։ Առաջնորդվելով ՌԴ ընտանեկան օրենսգրքով՝ հաստատում եմ այս զույգերի տվյալների գրանցումը, որոնք այսօր իրենց ընտանիքն են ստեղծում, ինչի համար ստորագրում եմ»,- տեղեկացրել է Դերբենդի ամուսնությունների գրանցման մարմնի ղեկավար Տատյանա Մարչենկոն։

Ռեկորդը սահմանվեց

Ռեկորդը գրանցեց միջոցառմանը ներկա՝ «Ռուսաստանի ռեկորդների գրքի» խմբագիր եւ հիմնադիր, Գինեսի ռեկորդների գրքի հայտերի գծով ներկայացուցիչ Ալեքսեյ Սվիստունովը։

«Այսօր ես մեծագույն բավականությամբ հայտարարում եմ, որ տասը հազար երեք հարյուր ութսուներկու վկաների ներկայությամբ սահմանվեց միանգամից երկու ազգային ռեկորդ՝ ամենաբազմազգ հարսանիք՝ 16 տարբեր ազգությունների ներկայացուցիչների ներկայությամբ։ Երկրորդ ձեռքբերումը հարսանեկան արարողությունն էր հյուրերի ամենամեծ թվով՝ 10382 մարդ»,- ասաց Սվիստունովը։

Նա Դերբենդի քաղաքապետ Խիզրի Աբաքարովին հանձնեց Գինեսի ռեկորդների գրքի սահմանված ռեկորդի վկայականը։

«Դուք բոլորդ գիտեք, որ Դերբենդը ամենահին քաղաքներից մեկն է։ Մեր քաղաքի պատմական հուշարձանները հայտնի են ամբողջ աշխարհում եւ ներառված են ՅՈւՆԵՍԿՕ-ի ժառանգության ցուցակում։ Եվ ահա այսօրվա միջոցառումը նույնպես կփառաբանի Դերբենդը՝ մտնելով Գինեսի ռեկորդների գրքի մեջ»,- ասել է քաղաքապետը։