Արմեն Աշոտյանն իր էջում գրում է.
«Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն այս օրերին գտնվում է Նուրսուլթանում և մասնակցում Եվրասիայի երկրների խորհրդարանների խոսնակների չորրորդ համաժողովին:
Ահա հատված իր ելույթից. «Մեզ համար գերակա նշանակություն ունեն Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի եւ անվտանգության հարցը, ժողովրդի անվտանգ եւ ազատ գոյության անհերքելի իրավունքի նկատմամբ հարգանքը»:
Հերթական անգամ, չեմ հասկանում, թե ինչու, Հայաստանի Ազգային Ժողովի ղեկավարը միջազգային հարթակներում իր ելույթներում խուսափում է հիշատակել ժողովուրդների ինքնորոշման իրավունքը՝ Արցախյան հակամարտության կարգավորման համատեքստում:
Նախորդ անգամ անձամբ եմ լսել Մոսկվայում պառլամենտարիզմին նվիիրված միջազգային համաժողովին բառացի հետևյալը. «Խնդրի կարգավորումը պետք է հիմնված լինի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգ եւ ազատ ապրելու անվիճելի իրավունքի հարգման վրա»:
Արարատ ջան, Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջարկված կարգավորման հիմնարար սկզբունքների մեջ չկա «ժողովրդի անվտանգ եւ ազատ գոյության» և ոչ մի իրավունք: Ավելին, այդպիսի իրավունք հիշատակված չէ նաև Հելսինկյան եզրափակիչ ակտում:
Բացատրիր ինձ և հայ ժողովրդին, թե ինչու՞ ես համառորեն խուսափում միջազգային խորհրդարանական հարթակներում հիշատակել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին: Ի՞նչն է պատճառը:
Կարգավորման նոր սկզբունքնե՞ր եք մշակում: Վախենու՞մ եք: Ինքնե՞րդ չեք ճանաչում այդ իրավունքը: Նիկո՞լը չի թողնում:
Ճանաչելով քեզ, շահարկման դաշտ չեմ ուզում մտնել, բայց բարի եղիր այդ դեպքում ինքդ պարզաբանել այս շատ տարօրինակ, տհաճ և «ոչ ինքնիշխան» իրողությունը»:
0Comments