Նախկին պատգամավոր Կարո Կարապետյանին պատկանող գազալցակայանում ավտոմեքենաներ են այրվել

Ոստիկանությունը պարզում է ավտոմեքենաների վարորդների ինքնությունը, եւ արդյոք հրդեհի հետեւանքով տուժածներ կա՞ն, թե՞ ոչ

Արարատի մարզում այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել. Ժամը 13։30-ի սահմաններում, դեռեւս անհայտ հանգամանքներում, Երեւան-Երասխ ավտոճանապարհի Շահումյան գյուղի վարչական տարածքում գտնվող գազալցակայանում հրդեհ է բռնկվել խոտով բարձած բեռնատար ավտոմեքենայում։

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, կրակը տարածվել է նաեւ ու վնասել մեկ այլ ավտոմեքենա։ Մինչ հրշեջների ժամանելը, կրակի տարածման դեմ պայքարել են քաղաքացիներն ու գազալցակայանի աշխատակիցները։

Ոստիկանությունը պարզում է ավտոմեքենաների վարորդների ինքնությունը, եւ արդյոք հրդեհի հետեւանքով տուժածներ կա՞ն, թե՞ ոչ։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ նշված գազալցակայանը պատկանում է ԱԺ նախկին պատգամավոր Կարո Կարապետյանին, ով սպանվել էր ԱԺ մեկ այլ պատգամավոր՝ «Կարամելի Հարութ» մականվամբ՝ Հարություն Կարագյոզյանի կողմից։ Վերջինս էլ իր մոտ եղած ատրճանակով ինքնասպան էր եղել։