Երգիչ Վլադիմիր Արզումանյանն օրերս ներկայացրել է իր նոր տեսահոլովակը, որը նկարահանվել է «Իմս» երգի հիման վրա: Ինչպես ավելի վաղ նշել էր Վլադիմիրը, երգն իր նշանածի՝ Աննայի համար է գրված, որը նաեւ տեսահոլովակի հերոսուհին է:
Երգը Վլադմիրի համար հեղինակել են Գուրո Գասպարյանն ու Գրիգոր Կյոկչյանը, գործիքավորումը կատարել է Մարտին Միրզոյանը, իսկ տեսհոլովակի ռեժիսորը Կարեն Ամյանն է:
NEWS.am STYLE-ը զրուցել է «Մանկական Եվրատեսիլ 2010»-ի հաղթողի հետ նոր տեսահոլովակի եւ սիրելիին այնտեղ նկարահանելու գաղափարի մասին:
«Աննայի՝ տեսահոլովակում նկարահանվելը, միանշանակ, իմ գաղափարն էր, քանի որ երգը հենց նրա համար է»,-մեզ հետ զրույցում նշեց Վլադիմիրը՝ հավելելով.
«Տեսահոլովակի նկարահանումներն անցել են հետաքրքիր եւ աշխույժ միջավայրում: Այն, ինչ դրվել էր իմ եւ Աննայի առջեւ, մենք շատ լավ եւ հեշտ իրականացրինք: Աննայի էմոցիաները բառերով նկարագրել հնարավոր չէ, նա անչափ երջանիկ էր»:
Տեսահոլովակի նկարահանումներն անցել են Սեւանում եւ Դիլիջանում: Վլադիմիր խոսքով՝ դրանք եղել են «էմոցիոնալ» եւ «հույզերով լի»:
Նշանադրության առթիվ NEWS.am STYLE-ի հետ ունեցած հարցազրույցում Վլադիմիրը նշել էր, որ սիրելին եւս սիրում է երգել: Մենք էլ հետաքրքրվեցինք, միգուցե, համատեղ տեսահոլովակից հետո հանդե՞ս գան նաեւ զուգերգով:
«Միգուցե մի օր դուետով ելույթ ունենանք: Տեսնենք՝ ինչպես կստացվի»,-հարցին ի պատասխան նշեց երգիչը:
0Comments