Հարգելի հայրենակիցներ․
Բազմիցս առիթ եմ ունեցել արձագանքել 2020 թվականից ավտոմեքենաների մաքսատուրքերի սպասվող բարձրացման թեմային։
Հաշվի առնելով հասարակության լայն շերտերի շրջանում թեմայի վերաբերյալ հետաքրքրությունը՝ մեկ անգամ ևս հարկ եմ համարում անդրադառնալ։
ՊԵԿ ղեկավարության և կառավարության որոշ ներկայացուցիչների կողմից հասարակությանը տրամադրվում է թերի և հակասական տեղեկատվություն, որը շարքային քաղաքացիների կողմից չի հասկացվում կամ չի ընկալվում։ ՊԵԿ ղեկավարության կողմից պարբերաբար հնչեցվում է իրար հակասող մտքեր, մասնավորապես մեկ հայտարարվում է, որ մեքենաների մաքսատուրքը բարձրանալու է 48 տոկոսով, մեկ հայտարարվում է, որ առանձին մեքենաների մաքսատուրքը բարձրանալու է 70 տոկոսով, կառավարության ներկայացուցիչը հայտարարում է, որ մաքսատուրքը դառնալու է 15-20 տոկոս և այսպես շարունակ։
Եթե հիմք ընդունենք ՊԵԿ նախագահի հնչեցրած միտքն առ այն, որ ներմուծվող առանձին ավտոմեքենաների մաքսատուրքը 2020 թվականից բարձրանալու է 48 տոկոսով, ապա ստացվում է, որ ներկայում գործող 10 տոկոսը դառնալու է ենթադրենք 14.8 տոկոս, մինչդեռ նման տոկոսադրույք օրենսդրությամբ սահմանված չէ։ Նշված հակասական և թերի տեղեկատվության հետ կապված մեր հասարակությանը իրազեկելու նպատակով տեղեկացնում եմ հետևյալի մասին․
Ֆիզիկական և իրավաբանական անձանց հետ կապված մաքսային ոլորտի իրավահարաբերությունները կարգավորվում են տարբեր իրավական ակտերով։
ՀՀ ներկրվող ավտոմեքենաների գերակշիռ մասը, մոտավորապես 70-80 տոկոսը, ներմուծվում են ֆիզիկական անձանց կողմից, հետևաբար այս թեմայի շահառուները ավելի շատ ֆիզիկական անձինք են և ճիշտ կլիներ, որ հասարակությանը մանիպուլացնելու փոխարեն՝ ներկայացվեր, թե ինչ է սպասվում ֆիզիկական անձանց։
Նշեմ, որ ֆիզիկական անձանց կողմից ՀՀ ներկրվող ավտոմեքենաների գերակշիռ մասը 7 տարուց հին են, իսկ նշված տարիքի մեքենաների համար միջին գումարը, որը պետք է վճարվի միասնական վճարի ձևով՝ կազմելու է 6300 եվրո։ Բերենք կոնկրետ օրինակ․ եթե ֆիզիկական անձը Վրաստանից ներմուծել է, ենթադրենք 2012 և ավելի վաղ տարիների թողարկման ցանկացած մակնիշի ավտոմեքենա, որի շարժիչի աշխատանքային ծավալը կազմում է 1.8 լիտր և այդ մեքենան ձեռք է բերվել ենթադրենք 2000 ԱՄՆ դոլարով, ապա ներկայում պետք է վճարվի բնապահպանական վճար, ԱԱՀ և մաքսատուրք, որը կազմում է մոտավորապես 1000-1200 ԱՄՆ դոլարին համարժեք գումար, մինչդեռ սպասվող փոփոխությունների արդյունքում 6300 Եվրոն ավել է մոտ 6 անգամ, այսինքն վճարման ենթակա գումարները, նշված օրինակի դեպքում, կկազմեն մեքենայի ձեռքբերման արժեքից մոտ 3,5 անգամ ավել կամ գործող վճարումների համեմատ կավելանա մոտ 600 տոկոսով։ Բերենք մեկ այլ օրինակ՝ կապված նոր մեքենաների հետ․ ենթադրենք ֆիզ․ անձը եվրոպաից ներմուծել է 2016-2017 թվականի արտադրության /մինչև 3 տարեկան/ ցանկացած մակնիշի ավտոմեքենա, որի ձեռքբերման արժեքը կազմել է 30.000 եվրո, իսկ շարժիչի աշխատանքային ծավալը՝ 3 լիտր, այս դեպքում միասնական վճարի ձևով մաքսային մարմիններին վճարման ենթակա գումարը կկազմի նշված արժեքի 48 տոկոսը, բայց ոչ պակաս քան շարժիչի աշխատանքային ծավալը բազմապատկած 5.5 եվրոյով, որը կկազմի 16.500 եվրո։ Նշված օրինակում վճարման ենթակա գումարը ավելանալու է գործող վճարումների համեմատ մոտավորապես 2 անգամ։
Կարելի է բերել բազմաթիվ այլ օրինակներ ևս, մինչդեռ մեր հասարակությանը մանիպուլացնում են և ձևավորում թյուր դրական սպասումներ։ Այնինչ իրականությունը լինելու է շատ ավելի դառը։ Կառավարությունը հայտարարում է, որ մեքենա ներկրողները ավելացված արժեքի հարկ չեն վճարելու, դա վերաբերելու է իրավաբանական անձանց և ըստ էության գործող ավտոսրահներին, միևնույն ժամանակ չի պարզաբանված, թե այդ նույն ներկրող իրավաբանական անձինք վաճառքի փուլում ԱԱՀ վճարելու են, թե ոչ։
Մի խոսքով դա որակական ցուցանիշ չէ և չի կարող կոմպենսացնել ֆիզ․անձանց համար մաքսատուրքերի սպասվող բարձրացումը։
«Մեկ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ,
տնտեսագիտության թեկնածու,
դոցենտ Հայկ Ֆարմանյան։
0Comments