Հայաստանում սեպտեմբերի 6-ին արձանագրվել է լաբորատոր հաստատված կարմրուկի բերովի դեպք: Հիվանդը ժամանել է Ուկրաինայից օգոստոսի 31-ին:
Կլինիկական ախտանշաններն ի հայտ են եկել սեպտեմբերի 3-ին՝ ջերմության բարձրացում, թուլություն, իսկ սեպտեմբերի 6-ին սկսվել է ցանավորում դեմքի շրջանում: Հիվանդը դիմել է «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց և ախտորոշվել է «կարմրուկ»:
Տվյալ պահին հիվանդի մոտ կա կոնյուկտիվիտ, հազ, կոկորդի կարմրություն, ընդհանուր թուլություն:
Հայաստանում կարմրուկի առումով իրավիճակը կայուն է, սակայն տարվա սկզբից լաբորատոր հաստատված բերովի արդեն հինգերորդ դեպքն է գրանցվում: Համաճարակաբանորեն դեպքերից 3-ը կապվում են Ուկրաինայի, 2-ը` Վրաստանի հետ:
Նշենք, որ կարմրուկը սուր վիրուսային, խիստ վարակիչ հիվանդություն է, որը բնորոշվում է արտահայտված ինտոքսիկացիայով, կատառալ և ցանային երևույթներով: Վարակը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով։ Կարմրուկն իր բարձր վարակելիությամբ տարբերվում է մյուս կառավարելի վարակներից: Մեկ հիվանդը վարակում է մինչև 18 կոնտակտավորի: Կարմրուկի բարդությունները զարգանում են հիվանդության հիմնական ախտանիշներին զուգընթաց (ինտոքսիկացիա, կատառալ երևույթներ, ցան), հիվանդության ծաղկման շրջանում հասնում են բուռն արտահայտվածության և հետզհետե թուլանում։ Երեխաների մոտ կարմրուկի ամենահաճախ հանդիպող բարդությունը համարվում է թոքաբորբը: Նյարդաբանական բարդությունները բնորոշ են ավելի բարձր տարիքային խմբերին, ընթանում են շատ ծանր և տալիս բարձր մահացություն (մինչև 25%)։ Մնացորդային երևույթները դրսևորվում են պարեզներով, հիշողության և ինտելեկտի խանգարումներով, էպիլեպտանման նոպաներով։
Կարմրուկի ավելի ծանր բարդություններից են էնցեֆալիտները՝ գլխուղեղի բորբոքումները, հեպատիտները, ենթաստամոքսային գեղձի բորբոքումները, արյունազեղումները, տրոմբոցիտոպենիկ ծիրանացանը, սրտամկանի և եղջերաթաղանթի բորբոքումները:
Ծայրահեղ ծանր, մահվան ելքով ավարտվող բարդություններից է ենթասուր սկլերոզային պանենցեֆալիտը, որը կարմրուկային էնցեֆալիտի դանդաղ ընթացող ձևն է: Այս ձևն ավելի հաճախ հանդիպում է այն երեխաների մոտ, ովքեր կարմրուկով հիվանդացել են մինչև 2 տարեկանը` մի քանի ամիս հետո բերելով հիվանդի մահվան:
Կարմրուկի բռնկումները կանխելու համար անհրաժեշտ է ապահովել պատվաստումներում ընդգրկվածության և կոլեկտիվ իմունիտետի բարձր մակարդակ: Առնվազն երկու դեղաչափ պատվաստում ստացած անձանց մոտ ձևավորվում է 97-98% իմունիտետ և պահպանվում է ամբողջ կյանքի ընթացքում: Պատվաստումների ցուցանիշների նվազման դեպքում կարմրուկի բռնկումները կայծակնային են: Վերջինիս վառ ապացույցն Ուկրաինան է, որտեղ միայն 2018 թվականի ընթացքում արձանագրվել է 50 000 հիվանդության դեպք, որոնցից 16-ը՝ մահվան ելքով:
0Comments