«Դորիան» փոթորիկը գրանցել է վտանգի ամենաբարձր ցուցանիշը

Առաջիկայում Աբակո կղզիները կհայտնվեն աղետալի փոթորկի էպիկենտրոնում

Ատլանտյան օվկիանոսում «Դորիան» փոթորիկը գրանցել է հինգերորդ, ամենավտանգավոր ցուցանիշը. քամու ուժգնությունը կազմում է ժամում 257 կիլոմետր, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում կատարելով ԱՄՆ-ի՝ փոթորիկների վերահսկողության ազգային կենտրոնին:

Առաջիկայում Աբակո կղզիները կհայտնվեն աղետալի փոթորկի էպիկենտրոնում, ասվում է կենտրոնի թվիթերյան էջում հրապարակված հայտարարության մեջ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ֆլորիդայում միլիոնավոր մարդիկ եւ վայրերը՝ ներառյալ «Ուոլթ Դիսնեյի աշխարհն» ու ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի «Մար-ա-Լագո» ակումբը, հայտնվել են փոթորկի պոտենցիալ թիրախների շարքում:

Ըստ օդերեւութաբանների կանխատեսումների՝ «Դորիանը», որն ուրբաթ երեկոյան հավաքել էր ժամում մինչեւ 140 մղոն արագություն, կարող է սպառնալ Ֆլորիդա նահանգին երկուշաբթի երեկոյան կամ երեքշաբթի առավոտյան: