Վիետնամում տղան իր՝ վթարի հետևանքով զոհված հարսնացուի թաղման արարողությունը վերածել է «հարսանիքի». ՏԵՍԱՆՅՈՒԹ

Դրանից հետո երիտասարդը դողացող ձայնով երգել է այն երգը, որը պատրաստվում էր կատարել իրենց հարսանիքի ժամանակ

Վիետնամում տղան իր՝ վթարի հետևանքով զոհված հարսնացուի թաղման արարողությունը վերածել է «հարսանիքի», գրում է AsiaOne-ը։ 

Դան Թհիեն Անը և իր հարսնացուն, որի անունը չի նշվում, ծանոթացել էին Հոշիմին քաղաքի տեխնիկական համալսարանում։ Վերջին երկու տարիներին նրանք միասին աշխատել են Ճապոնիայում և պատրաստվում էին ամուսնանալ։ Հարսանեկան արարողությունը կազմակերպելու նպատակով աղջիկը ժամանակավորապես վերադարձել էր Վիետնամ։ Ամուսնությունը նշանակվել էր սեպտեմբերի վերջին։ 

Կիրակի՝ օգոստոսի 25-ին, Անն իր ֆեյսբուքյան էջը թերթելիս ուղիղ հեռարձակմամբ տեսանյութ է տեսել Հոշիմինում տեղի ունեցած ավտովթարի վերաբերյալ։ Դեպքի վայրի կադրերում նա տեսել է նաև հարսնացուի հարազատներին։ Նա անմիջապես կապ է հաստատել վերջիններիս հետ և տեղեկացել, որ աղջիկը մահացել է ավտոճանապարհային պատահարի հետևանքով։ 

Վիետնամ

Ապագա փեսացուն տոմս է գնել և ժամանել Վիետնամ՝ հասնելով հարսնացուի թաղմանը։

Արարողության ժամանակ Անը կրել է ամուսնական մատանի, իսկ մյուսը դրել է հարսնացուի նկարի դիմաց։

«Ես այնքան բան էի ցանկանում անել քեզ համար, սակայն այսօր ես միայն սա կարող եմ անել։ Ինձ ինչ-որ մեկը պատմել է, որ դրախտը կարևոր պատճառով է քեզ կանչել իր մոտ։ Ես նույնպես այդպես եմ մտածում»,- ասել է նա։

Վիետնամ

Դրանից հետո երիտասարդը դողացող ձայնով երգել է այն երգը, որը պատրաստվում էր կատարել իրենց հարսանիքի ժամանակ։ 

«Հենց երեկ էր նա զանգել Անին՝ հարցնելու՝ ի՞նչ է նախընտրելի նվիրել սկեսրոջը որպես առաջին նվեր»,-պատմել է երիտասարդի մայրը:

«Նա արդեն գնել էր այն ինձ համար, ցավոք այն դարձավ իր կողմից ստացած առաջին և վերջին նվերը»,- հավելել է նա։