Եղավ մի ժամանակ, երբ շատերը համոզված էին, որ բոլշեւիկներ այլեւս չեն լինի, որ բոլշեւիկներն այլեւս չեն կարող կրկին իշխանության հայտնվել, որ նրանք կրկին կսկսեն լուսավոր ապագա կառուցել՝ ավերելով ներկան եւ ներկայում ապրողների վաղվա երազանքները:
Իսկապես, դժվար էր անգամ ամենամղձավանջային մտքերում պատկերացնել, որ բոլշեւիկները նորից կհայտնվեն մեր կողքին, որ կրկին հասարակությանը կբաժանեն երկու գույնի, որ կրկին լույս աշխարհ կգա «չիստկան», «դանոսը», «ձայնազուրկների ինստիտուտը», արձանապաշտությունը:
Հետեւելով Ամուլսարի վերաբերյալ ֆեյսբուքյան օգտատերերի գրառումներին, ոչ միայն տխրում եւ վհատվում ես բանավեճի խիստ ցածր մակարդակից, փոխադարձ գոտկատեղից ներքեւ հասցվող հարվածներին, այլեւ հասարակությունը կրկին երկու մասի բաժանելու անհագուրդ ցանկությունից:
Ոմանք, որոնք իրենց համարում են հեղափոխական, բայց եւ բնապահպան, Նիկոլ Փաշինյանին, Ավինյանին, կառավարությանը հրապարակավ քննադատելուց հետո չեն մոռանում ավելացնել, թե «սեւերը», «հակահեղափոխականները», «քոչարյանականները», «սերժականները» թող չոգեւորվեն, եւ որ սա իրենց թեման չէ:
Եւ հենց այստեղ ուզում ես ասել՝ ստոպ: Ո՞վ եք դուք, որ որոշեք, թե Ամուլսարն ում թեման է կամ ում թեման չէ, եւ ովքեր կարող են արտահայտվել, կարծիք հայտնել, իսկ ովքեր՝ ոչ: Դուք բոլշեւիկների ժառանգներն եք, դա հաստատ, քանի որ որեւէ այլ դեպքում նման ցնցող եւ տարօրինակ հայտարարություններ չէիք անի: Դուք նրանց ժառանգորդն եք, ովքեր 1920-ական թվականներին ներդրեցին ձայնազուրկների ինստիտուտը, ժողովրդի գրագետ եւ մտածող հատվածին զրկելով ոչ միայն ընտրվելու, այլ ընտրելու եւ հրապարակավ կարծիք հայտնելու իրավունքից:
Փորձեք ձեզ կողքից նայել: Փորձեք, եւ եթե ստացվի, ապա դուք եւս կհամոզվեք, որ դուք բոլշեւիկներից ոչնչով չեք տարբերվում: Ոչ, եթե մինչեւ վերջ անկեղծ լինենք, ապա տարբերվում եք ուժով: Բոլշեւիկները 20-րդ դարում ավելի շատ էին եւ ավելի հզոր, իսկ դուք ավելի քիչ եք եւ ավելի թույլ, այդ իսկ պատճառով միայն սպառնում եք եւ չեք գնդակահարում եւ աքսորում:
Մեր կողքին բոլշեւիկներ են, որոնք հասարակությունը բաժանեցին երկու գույնի, որոնք հայտնաբերում եւ դեռ փորձելու են հայտնաբերել հակահեղափոխականների, սաբոտաժնիկների, ժողովրդի թշնամիների, քանի որ այլ կերպ իրենց ձախողումները չեն կարող արդարացնել:
Լավն այս պատմության մեջ այն է, որ այս մղձավանջը շուտով ավարտվելու է, եւ բոլշեւիկները կրկին հայտնվելու են այնտեղ, որտեղ թաքնված էին նախկինում: Ի վերջո ջուրը պղտորվելուց հետո զուլալվելու շատ հզոր հատկանիշ ունի:
Գեղամ Նազարյան, գրում է Top-News.am
0Comments