ՌԴ-ն ՀՀ-ի նկատմամբ կիրառում է «փափուկ ուժ», տաք գլուխներին խորհուրդ կտամ զգույշ լինել ու չհրահրել հակառուսական հիստերիա. քաղաքագետ

ՌԴ-ն չի էլ բացատրում, թե ինչու չի արտահանձնում Պողոսյանին, ևս վկայում է հայ-ռուսական հարաբերությունների ցածր մակարդակի, անհավասար մակարդակի մասին

Մեր իշխանությունները Հռոմի պապից կաթոլիկ երևալու համար անընդհատ հայտարարում են, որ հայ-ռուսական հարաբերություններն ավելի լավ են, քան նախկինում եղել են: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Գագիկ Համբարյանը: Նա նշեց, որ հեղափոխությունից անցել է 1 տարի և 3 ամիս, ու Ռուսաստանի որևէ բարձրաստիճան պաշտոնյա Հայաստան չի ժամանել կոնկրետ հայ-ռուսական հարաբերությունների համատեքստում:

- Երեկ հայտնի դարձավ, որ Ռուսաստանը չի արտահանձնելու Միհրան Պողոսյանին: Հրապարակային բացատրված չէր, թե որն է դրա պատճառը: Ինչո՞ւ է ՌԴ-ն այսկերպ վարվում, և արդյոք չկա՞ պարզաբանման կարիք:

- Մեր իշխանությունները Հռոմի պապից կաթոլիկ երևալու համար անընդհատ հայտարարում են, որ հայ-ռուսական հարաբերությունները ավելի լավ են, քան նախկինում եղել են: Ես շատ կցանկանայի, որ դա այդպես լիներ, բայց դա իրականությունից շատ հեռու է:

Հեղափոխությունից անցել է 1 տարի և 3 ամիս, ու Ռուսաստանի որևէ բարձրաստիճան պաշտոնյա Հայաստան չի ժամանել կոնկրետ հայ-ռուսական հարաբերությունների համատեքստում: Պետք չէ ասել, որ Մեդվեդևն է ժամանել Երևան, որովհետև նրա այցը ոչ թե հայ-ռուսական հարաբերությունների շրջանակներում էր, այլ ԵԱՏՄ-ի. նա եկել էր ԵԱՏՄ նիստին մասնակցելու համար:

Մենք բոլորս տեսանք, թե ինչ խնդիրներ կան երկու երկրների միջև միջազգային ասպարեզում: Նկատի ունեմ ԵԽԽՎ-ում Ռուսաստանի պատվիրակությանը ձայնի իրավունքի վերականգնման քվեարկությունը, որին ՀՀ պատվիրակության երկու ներկայացուցիչներ տարօրինակ վարքագիծ դրսևորեցին: Հայտարարությունները, որ հայ-ռուսական հարաբերությունները լավ են, չի համապատասխանում իրականությանը:

- Իսկ իրականում ինչպիսի՞ն են այդ հարաբերությունները:

- Ռուսաստանը սպասողական վիճակում է: Պաշտոնական Մոսկվան չի ուզում խառնվել Հայաստանի ներքին գործերին, սպասում է, որ ՀՀ հասարակությունը ձերբազատվի հեղափոխական էյֆորիայից ու իրական գնահատական տա Փաշինյանի կառավարմանն ու հայ-ռուսական հարաբերություններին:

Ռուսաստանը ՀՀ նկատմամբ կիրառում է «փափուկ ուժ», չի սրում երկկողմ հարաբերությունները, չի անում այնպիսի քայլեր, որոնք մեծ վնաս կհասցնեն: Մենք լավ գիտենք, որ նախորդ իշխանությունների օրոք արդեն իսկ խախտվել էր հայ-ռուսական հարաբերությունների բալանսը: Հիմա այն էլ ավելի խախտված է՝ հօգուտ պաշտոնական Մոսկվայի: Նախորդ իշխանությունների օրոք Նազարբաևն էի Ալիևի անունից նամակ կարդում, իսկ հիմա հայկական գյուղերից մեկում զինտեխնիկա են բերում, ուսումնական կրակոցներ են անում, ԵԱՏՄ անդամ-երկրների վարչապետների համաժողովում անհասկանալի հումորներ են անում, մեդալներ են տալիս բոլորին՝ բացի Փաշինյանից:

Եթե նախկինում հավասարությունը խախտված էր, Հայաստանի իշխանություններին վիրավորելու համար կրկնում եմ՝ Նազարբաևն էր Ադրբեջանի նամակը ընթերցում, հիմա ավելի վատ վիճակ է: Փաշինյանի իշխանության գալուց հետո ռազմաբազայի ներկայացուցիչները կարող են զորավարժություններ անել ամենախոշոր գյուղերից մեկում ու դրա մասին իրենց տեղյակ չպահել:

Ձեզ թվում է՝ պատահակա՞ն էր, որ Փաշինյանին մեդալ չեն տալիս, իսկ Ղրղզստանի նախագահին տալիս են, ով մի քանի ամիս ավել է ղեկավարում երկիրը, քան՝ Փաշինյանը: Ժամանակին ընդդիմությունը հայ-ռուսական հարաբերությունները որակում էր որպես վասալային, բայց հիմա դրանք ավելի վատ են:

- Ինչպե՞ս է դրսևորվում «փափուկ ուժի» քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ, որի մասին խոսեցիք:

- Ռուսաստանը չի բարձրացրել գազի գները, խոչընդոտներ չի ստեղծում հայ արտագնա աշխատողների համար: Պատկերացնո՞ւմ եք, որ սկսեն իրենց համար բացահայտ խնդիրներ ստեղծել խոպանչիների համար: Ամեն տարի մի քանի հարյուր հազար քաղաքացիներ գնում են ՌԴ աշխատելու: Պատկերացնո՞ւմ եք՝ նրանց հետ ուղարկեն Հայաստան: Տեղի կունենա սոցիալական պայթյուն: Բայց սա չեն անում, «փափուկ ուժ» են կիրառում: Հայաստանում սոցիալական ցանցերում գրառումներ անող այդ որոշ մարդիկ չեն հասկանում, որ եթե մենք եղանք հակառուսական, ի՞նչ պիտի լինի, մենք ենք խնդրել, որ Ռուսաստանը բազա ունենա Հայաստանում: Բա որ էդպես հակառուսական լինենք 1 մլրդ դոլարը, որը տրանսֆերտների տեսքով մտնում է Հայաստան, ուզում ենք՝ հետ գնա՞, ուզում ենք՝ վերանա՞: Տաք գլուխներին խորհուրդ կտամ զգույշ լինել ու չհրահրել հակառուսական հիստերիա:

- Պարո՛ն Համբարյան, խոսենք Միհրան Պողոսյանին չարտահանձնելու մասին: Ի՞նչ ուղերձ է պարունակում Ռուսաստանի որոշումը ՀՀ-ՌԴ հարաբերությունների համատեքստում:

- Ուշադրություն դարձրեք, որ պաշտոնական Մոսկվան այս մասին հայտարարեց Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի՝ Հայաստան կատարած այցից օրեր անց: ՌԴ-ն այսպիսով ցույց տվեց, որ ինքը դժգոհ է Հայաստանի իշխանությունների հետ բանակցություններից: Որքան էլ ՀՀ իշխանությունները ներկայացնեն, որ սա «կրիմինալ» գործ է, մենք պետք է հասկանանք, որ ՌԴ համար թեման քաղաքական ենթատեքստ ունի: Սա հստակ մեսիջ է, որ ՌԴ-ն դժգոհ է:

Իսկ այն, որ ՌԴ-ն չի էլ բացատրում, թե ինչու չի արտահանձնում Պողոսյանին, ևս վկայում է հայ-ռուսական հարաբերությունների ցածր մակարդակի, անհավասար մակարդակի մասին: Ռուսաստանը «յոլ չի անում» բացատրի, թե ինչու չի արտահանձնում: Նրանց տարածած հաղորդագրությունից կարելի է հասկանալ, որ չեն ուզում, չեն արտահանձնում. հենց այդպես: