Նա ամեն ինչ է, բացի վարչապետից

Հայաստանն այսօր չունի վարչապետ, ունի մարդ, որը առավոտից իրիկուն ֆեյսբուքում ստատուսներ է գրում և նույն մարդն էլ հանդես է գալիս որպես տասնյակ հիմնարկների ղեկավար

«Ես չեմ պատրաստվում ՀՀ վարչապետի կարգավիճակում լինել և՛ դատախազ, և՛ դատավոր, և՛ քննիչ, և՛ ՔԿՀ պետ և այլն»,- ասաց Նիկոլ Փաշինյանը 2018թ․ ապրիլի 30-ին, երբ պատրաստվում էր վարչապետ դառնալ։

Դրանից հետո Նիկոլ Փաշինյանը Հայաստանում կատարեց աննախադեպ կադրային նշանակումներ, որոնք չտեսնված էին ու չլսված ամբողջ աշխարհում։ Նիկոլ Փաշինյանը, որ խոսում էր կադրային քաղաքականության հարցում վեհ գաղափարների մասին, իրականում թիմ ձևավորեց միջակներով, լավ, փորձառու կադրերին ազատեց աշխատանքից։ Կարևոր էր, որ նոր կադրերը 4 հիմնական սկզբունքի բավարարեին՝

Երևան-Գյումրի ճանապարհի ինչ-որ հատվածով քայլած լինեին կամ այդ ընթացքում,

Ֆեյսբուքյան համապատասխան ստատուս գրած լինեին,

Ունենային թրաշ,

Ծառայած չլինեին բանակում,

Չունենային աշխատանքային փորձ:

Բնականաբար, արդյունքում ստացվեց այնպես, որ վարչապետը դարձավ նաև դատախազ, քաղաքապետ, դպրոցի տնօրեն, ՔԿ ղեկավար։ Բայց հարցն այն է, որ այդ պաշտոններում էլ ներկայանում է որպես վատ աշխատող, տիպիկ օրինակ հաջորդ եկողների, թե ինչպես պետք է չաշխատել։

Աշակերտներն ու ծննողները դասադուլ են անում, Փաշինյանը շտապում է դպրոց՝ խնդրելով, որ գնան դասի, գյուղացիները ցույց են անում կաթի մթերման համար, դարձյալ խառնվում է վարչապետը, մայրաքաղաքում աղբը հասնում է քաղաքապետարանի կոկորդին, Նիկոլ Փաշինյանը հանդես է գալիս որպես Երևանի քաղաքապետ։ Դատավորն ազատ է արձակում վատ կարված գործով կալանավորված նախկին նախագահին, Նիկոլ Փաշինյանը հանդես է գալիս որպես գլխավոր փողոց փակող։ Ու այդ ամենն անում է մի բառապաշարով, որ հարիր չէ որևէ պաշտոնյայի։

Հայաստանն այսօր չունի վարչապետ, ունի մարդ, որը առավոտից իրիկուն ֆեյսբուքում ստատուսներ է գրում և նույն մարդն էլ հանդես է գալիս որպես տասնյակ հիմնարկների ղեկավար։


yerevan.today