Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մեկնաբանել է բանակում ծառայության մասին օրենքում փոփոխություններ անելու առաջարկը, որը ոչ միանշանակ արձագանք է գտել հասարակության շրջանում:
Ինչպես նշում է belta.by-ն, դիմելով առաջարկված փոփոխությունների քննադատներին՝ նախագահը հայտարարել է, որ նրանք, ովքեր չեն ցանկանում անձամբ իրենց հայրենիքը պաշտպանել, երկու տարբերակ ունեն՝ կա՛մ օգնություն խնդրել ՆԱՏՕ-ից, կա՛մ Ռուսաստանից:
Լուկաշենկոն ընդգծել է, որ անձամբ ինքը չէր ցանկանա օգնության համար ՆԱՏՕ-ին դիմել:
Մինչդեռ իրադարձությունների զարգացման մյուս հավանական տարբերակն այն է, որ Բելառուսը ներառվի ՌԴ կազմում:
«Մենք կարող ենք խնդրել, որ նրանք մեզ պաշտպանեն՝ միջուկային անձրևանոց, գերձայնային զենք և այլն: Մենք կարող ենք խնդրել և համաձայնության գալ: Դուք ցանկանո՞ւմ եք ներառվել Ռուսաստանի կազմում, որպեսզի այն մեզ պաշտպանի: Ո՛չ, ես էլ չեմ ցանկանում»,-ասել է նախագահը:
Լուկաշենկոն նաև հիշեցրել է երրորդ տարբերակի մասին՝ կոչ անելով բելառուսներին ինքնուրույն պաշտպանել իրենց հայրենիքը:
«Դասեր պետք է քաղել բոլոր իրադարձություններից, որպեսզի հնարավոր լինի դիմանալ, դառնալ իսկապես ինքնիշխան ու անկախ պետություն»,-եզրափակել է Բելառուսի նախագահը:
0Comments