Թրամփն Ցզինպինի հետ արդյունավետ հանդիպման հույս ունի

Ցզինպինի հետ Թրամփի հանդիպումը G20-ի առաջնորդների գագաթնաժողովում ամենասպասվածներից մեկն է

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ շաբաթ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ արդյունավետ հանդիպում է ակնկալում, փոխանցում է Reuters-ը:

«Կարծում եմ, որ դա արդյունավետ կլինի,- լրագրողներին ասել է Թրամփը: - Ով գիտե, բայց կարծում եմ, որ դա արդյունավետ կլինի: Տեսնենք, թե ինչ տեղի կունենա, եւ դրանից ինչ կստացվի»:

Հարցին՝ Ցզինպինին արդյոք խոստացե՞լ է չինական ներմուծման համար մաքսատուրքերի սահմանման կեսամյա հետաձգում, Թրամփը բացասական պատասխան է տվել, գրում է news.am:

Նշենք, որ Ցզինպինի հետ Թրամփի հանդիպումը G20-ի առաջնորդների գագաթնաժողովում ամենասպասվածներից մեկն է: Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ եթե հանդիպման ժամանակ չհաջողվի առեւտրի հարցում համաձայնության հասնել, ապա ինքը 300 մլրդ դոլար չինական ներմուծման համար լրացուցիչ մաքսատուրքեր կմտցնի: Նախօրեին ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը հայտարարել էր, որ Վաշինգտոնի եւ Պեկինի միջեւ առեւտրային համաձայնագիրը 90 տոկոսով պատրաստ է: