G20-ի ինտրիգներ. Վաշինգտոնը դաշնակիցների վրա ճնշում է գործադրում կլիմայի փոփոխության հարցով ձեւակերպումների պատճառով

Երեք կամ չորս երկիր ամերիկյան ճնշման տակ են, որպեսզի մեղմացնեն այդ ձեւակերպումները

Վաշինգտոնը G20-ի դաշնակիցների վրա ճնշում է գործադրում, որպեսզի նրանք մերժեն գագաթնաժողովի եզրափակիչ հայտարարության մեջ կլիմայի փոփոխությունների հարցով խիստ ձեւակերպումը, չնայած ԵՄ երկրների հակազդեցությանը, հայտնում է AFP-ն՝ վկայակոչելով աղբյուրներին:

«Երեք կամ չորս երկիր ամերիկյան ճնշման տակ են, որպեսզի մեղմացնեն այդ ձեւակերպումները»,- հայտարարել է աղբյուրը:

Նա հրաժարվել է հայտնել այն երկրների անունները, որոնք Վաշինգտոնի թիրախում են, չնայած Բրազիլիան՝ իր նոր նախագահ Ժաիր Բոլսոնարոյի օրոք եւ նավթ արդյունահանող Սաուդյան Արաբիան կլիմայի փոփոխությունների հարցում հոռետեսների թվում են:

Կլիմայի փոփոխությունը կարող է դառնալ գագաթնաժողովում ամենավիճելի հարցերից մեկը: Ընդ որում՝ Եվրոպան կտրականապես դեմ է այս հարցով G20-ի նախորդ հայտարարությունների ցանկացած մեղմացմանը:

Վաշինգտոնը դեմ է հանդես գալիս կլիմայի մասին Փարիզյան համաձայնագրի ցանկացած աջակցությանը, որից նախատեսում է դուրս գալ:

«Ամերիկացիները փորձում են իրենց դիրքորոշման շուրջը համախմբել մի շարք երկրների»,- հավելել է աղբյուրը:

Ուրբաթ Օսակայում գագաթնաժողովի կուլուարներում տեղի ունեցած հանդիպմանը եվրոպացի առաջնորդները համաձայնվել են, որ չեն կարող տեքստ ընդունել, որը կթուլացնի այն, ինչի մասին հայտարարել են G20-ի վերջին 2 գագաթնաժողովներում, եւ կթուլացնի Փարիզյան համաձայնությունները, ասել է աղբյուրը:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը արդեն հայտարարել է, որ Փարիզյան համաձայնագրին հղում չանելը Փարիզի համար «կարմիր գիծ» կդառնա, եւ Ֆրանսիան կարող է հրաժարվել վերջնական կոմյունիկեն ստորագրելուց: