Հանուն ձեր մայրերի եւ քույրերի, եղե՛ք իրար նկատմամբ խնամքով, պատասխանատու եւ զգոն

Աննա Հակոբյանը՝ զինծառայողներին

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» եւ «ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը մայիսի 24-ին Արցախի Մեխակավան շրջան այցելության ընթացքում զորամասի հրամանատար, գնդապետ Մարտին Ջհանգիրյանի եւ զորամասի հոսպիտալի պետի բուժական գծով տեղակալ, մայոր Հայկ Հարությունյանի ուղեկցությամբ այցելել է  Մեխակավանում տեղակայված զորամաս եւ հոսպիտալ:

Աննա Հակոբյանը ողջունել է զինվորներին, զրուցել նրանց հետ, ծանոթացել ծառայության պայմաններին: «Առաջին հերթին ուզում եմ մաղթել ձեզ բարի ծառայություն, ուզում եմ ասել, որ դուք ուշադիր լինեք, պատասխանատու, հավասարակշռված եւ զուսպ բոլոր իրավիճակներում: Դա կարեւոր է մեզ համար` Ձեր մայրերի համար, որովհետեւ երբ մենք տանն ենք` մեր որդին բանակում, մենք ուզում ենք, որ մեր որդիների հետ ոչինչ չպատահի: Մենք գիտենք` ինչ բարդ իրավիճակներ կան, բայց մենք ուզում ենք ապավինել ձեր բարձր գիտակցությանը եւ ուզում ենք Ձեզ խնդրել լինել զգոն: Ես ուզում եմ ձեզ ասել այն, ինչ ասել եմ իմ որդուն` Աշոտին, ամեն քայլ անելիս տասը մտածեք, նոր մեկը արեք: Ուզում եմ, որ դուք էլ առաջնորդվեք դրանով, ուզում եմ` իրար նկատմամբ լինեք խնամքով, դուք եղբայրներ եք եւ երբեւէ թույլ չպետք է տեղ տաք տղայական հարաբերություններին, որովհետեւ ձեր մայրերը, ձեր քույրերը, որ ձեզ տանը սպասում են` արժանի չեն նման իրավիճակի: Համոզված եղեք, որ յուրաքանչյուրի մայրը ամեն վայրկյան մտածում է իր որդու մասին: Հանուն  ձեր մայրերի, ձեր հայրերի, ձեր քույրերի ու ձեր սիրած աղջիկների եղե՛ք ուշադիր եւ տուրք մի տվեք իրավիճակների, որոնք ձեզ կարող են բերել վտանգի»,- ասել է Աննա Հակոբյանը` հավելելով, որ վստահ է, որ հրամանատարությունը լավագույն կերպով կատարում է իր գործը` ինչպես զորամասի ներսում դաստիարակչական աշխատանքների տարման եւ զորքի բարոյահոգեբանական վիճակը բարձր պահելու, այնպես էլ արտաքին թշնամու սադրանքները չեղոքացնելու ուղղությամբ:

«Խրամատից այս կողմ մենք թշնամի չունենք, մեր թշնամին խրամատից այն կողմ է»,- հավելել է գնդապետ Մարտին Ջհանգիրյանը:

Հոսպիտալում շրջայցի ժամանակ Աննա Հակոբյանը հանդիպել է այդ պահին բուժում ստացող զինվորների հետ, տեղեկացել նրանց առողջական վիճակի մասին, զրուցել բուժանձնակազմի հետ: