Ռուս գիտնականներն ստեղծել են վերքերի ու խոցերի ապաքինումն արագացնող սարք

«Պլազոն» անվամբ սարքն ու ազոտի մոնօքսիդն արդեն 17 տարի է կիրառվում են բժշկության մեջ

Մոսկվայի Ի. Սեչենովի անվան առաջին պետական բժշկական համալսարանի և Մոսկվայի Ն. Բաումանի անվան պետական տեխնիկական համալսարանի գիտնականներն ստեղծել են նոր սարք, որը սառը պլազմայի միջոցով արագացնում է վերքերի ու խոցերի ապաքինման գործընթացը: Ինչպես հաղորդում է iz.ru-ն՝ հղում անելով European Journal of Pharmaceutical Sciences-ին, նոր սարքն արդեն հաջողությամբ փորձարկվել է առնետների վրա:

Փորձագետների խոսքով՝ «Պլազոն» անվամբ սարքն ու ազոտի մոնօքսիդն արդեն 17 տարի է կիրառվում են բժշկության մեջ: Այս միջոցն օգտագործվում է վիրահատություններից հետո բարդությունների զարգացման հավանականության նվազեցման համար, սակայն այն ունի շատ լուրջ թերություն, որն է պլազմայի շատ բարձր ջերմաստիճանը, որը կարող է վնասել հյուսվածքները: Այժմ գիտնականներին հաջողվել է ազատվել այս խնդրից:

«Պլազոնը» ստեղծվել է նախորդ դարի վերջին: Այն կարող էր կիրառել ազոտի մոնօքսիդը որպես մատերիայի այդ ձևի «բուժիչ» բաղադրիչներից մեկը: Սակայն պլազմայի հոսքն ուներ բավական բարձր ջերմաստիճան (40-60˚C), ինչը կարող էր վտանգավոր լինել:

Նոր սարքը միաժամանակ ստեղծում է նաև ցածր ջերմաստիճանի պլազմա և ազոտի մոնօքսիդ՝ էլեկտրական հոսանքն անցկացնելով օդի հոսքի միջով, այնուհետև սառեցնելով այն: «Պլազոնի» նոր տարբերակն իր արդյունավետությամբ չի զիջում նախորդին, սակայն այն չի առաջացնում ներքին օրգանների վնասվածքներ: