«Ոսկե ծիրան»-ի շրջանակում կցուցադրվի նաեւ ադրբեջանական արտադրության ֆիլմ

Երբ արվում է տարածաշրջանային ծրագիր, ներկայացվում է ամբողջ տարածաշրջանը, քանի որ մենք ունենք միջազգային ֆորմատ, ինչը նշանակում է, որ եթե այնտեղից ուղարկում են ֆիլմ, փառատոնը պարտավոր է այն ընդունել. Կարեն Ավետիսյան

Այս տարի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի ընթացքում կներկայացվի նաեւ ադրբեջանական արտադրության կինոնկար:

«Ոսկե ծիրան»

Այս մասին այսօր` հունիսի 21-ին կայացած ասուլիսի ժամանակ հայտնեցին փառատոնի ներկայացուցիչները` բացահայտելով նաեւ միջազգային կինոփառատոնի մրցութային եւ արտամրցութային մյուս ֆիլմերն ու ժյուրիի կազմը. «Երբ արվում է տարածաշրջանային ծրագիր, առանց սահմանափակումների ներկայացվում է ամբողջ տարածաշրջանը, քանի որ մենք ունենք միջազգային ֆորմատ, ինչը նշանակում է, որ եթե այնտեղից ուղարկում են ֆիլմ, փառատոնը պարտավոր է այն ընդունել»,-պարզաբանեց «Ոսկե ծիրան» միջազգային փառատոնի ծրագրերի տնօրեն Կարեն Ավետիսյանը` հայտնելով, սակայն, որ դեռեւս պարզ չէ ադրբեջանական ֆիլմի ռեժսորն անձամբ կժամանի Հայաստան, թե ոչ:

«Ոսկե ծիրան»

Նա նաեւ ներկայացրեց կինոփառաոնի մյուս ծրագրերը: Այսպիսով, Միջազգային լիամետրաժ մրցույթը ներառում է 12 ֆիլմ: Դրանք են՝ Ռիչարդ Բիլինգհեմի «Ռեյ և Լիզ» (Մեծ Բրիտանիա), Բուրաք Չևիքի «Կապվածություն» (Թուրքիա/Կանադա/Ֆրանսիա), Յուրիս Կուրսիետիսի «Օլեգ» (Լատվիա/Լիտվիա/Բելգիա/Ֆրանսիա), Շավի Սալայի «Գիեդանիի պորտը» (Մեքսիկա), Դընի Կոտեի «Անհետացած քաղաքների հավաքածու» (Կանադա), Սուհաիբ Գասմելբարիօ «Խոսելով ծառերի մասին» (Ֆրանսիա/ Սուդան/ Չադ/ Գերմանիա/Քաթար), Նինո Ժվանիայի «Շքերթ» Վրաստան, Կանտեմիր Բալագով «Լողլողը» (Ռուսաստան), Հասան Ֆազիլիի «Կեսգիշերային ճամփորդը» (ԱՄՆ/ Մեծ Բրիտանիա/Կանադա/Քաթար), Տեոնա Ստրուգար Միտևսկայի «Աստված գոյություն ունի, անունն էլ՝ Պետրունյա» (Մակեդոնիա/ Բելգիա/ Սլովենիա/ Ֆրանսիա/ Խորվաթիա), Ցզյան Սինի «Ձմեռ ձմռանից հետո» (Չինաստան), Միմի Մալայանի և Արթուր Մուրադյանի «Անպետության դիվանագետը» (ԱՄՆ), Էդգար Բաղդասարյանի «Էրկեն կիշեր» (Հայաստան) կինոնկարները:

«Ոսկե ծիրան» միջազգային փառատոնի միջազգային բաժնի ղեկավար Վարվառա Հովհաննիսյանն անդրադարձավ «Երևանյան պրեմիերաներ» ծրագրին, որում ընդգրկված են կինոնկարներ աշխարհի հեղինակավոր կինոփառատոններից՝ Կաննից, Բեռլինից, Ռոտերդամից: «Երևանյան պրեմիերաներ» ծրագրում ընդգրկված ֆիլմերից են Նադավ Լապիդի «Հոմանիշներ», Ժու Շենգզեի «Ներկա կատարյալը», Ալեքսեյ Չուպովի և Նատալյա Մերկուլովայի «Բոլորին զարմացրած մարդը», Ֆրանսուա Օզոնի «Աստծու ողորմությամբ», Բոն Ջուն-հոյի «Մակաբույծը» և այլ կինոնկարներ: Բացի ադրբեջանական ֆիլմից` Տարածաշրջանային համայնապատկեր ծրագիրը ներառում է եւս 12 ֆիլմ՝ 3-ական Հայաստանից, Թուրքիայից և Իրանից եւ 2 ֆիլմ Վրաստանից:

Կարճամետրաժ ֆիլմերի տարածաշրջանային մրցույթում ներառված է 25 ֆիլմ ՝ Հայաստանից, Թուրքիայից, Իրանից, Վրաստանից: Հետահայաց ցուցահանդրություններ ծրագրի շրջանակում կներկայացվեն փառատոնի հատուկ հյուրեր Կառլոս Ռեյգադասի 4 և Արթուր Արիստակիսյանի 2 ֆիլմ: Ի դեպ, Մոլդովայում բնակվող հայ ռեժիսորը եւս կժամանի Հայաստան: Փառատոնի կազմակերպիչների խոսքով` «Ոսկե ծիրան»-ը միշտ հանդիսացել է ծանոթության օղակ տարբեր ռեժիսորների համար: Այս տարի էլ վերը նշված երկու ռեժիսորները կկարողանան հանդիպել եւ համագործակցել:

Փառատոնի նոր ծրագրերից է «Ծուռ Ծիրան»-ը, որի ընթացքում կներկայացվի 5 ֆիլմ: Ըստ Կարեն Ավետիսյանի` ծրագիրը բաղկացած է ռադիկալ, էքսպերիմենտալ, երբեմն՝ էքստրեմալ ֆիլմերից: Միջազգային լիամետրաժ մրցույթային ծրագրի ժյուրին կնախագահի ռեժիսոր Ալեքսանդր Մինդաձեն: Ժյուրիի կազմում ընդգրկված են ռեժիսոր Նիկոլաս Վադիմոֆը (Շվեյցարիա), ռեժիսոր, Թեհրանի միջազգային կինոփառատոնի նախագահ Ռեզա Միրքարիմին (Իրան), պրոդյուսեր, Թրայբեկայի կինոփառատոնի գործադիր տնօրեն Էմի Հոբին (ԱՄՆ), պրոդյուսեր Էլիզաբեթ Կառլսենը (Մեծ Բրիտանիա), կինոքննադատ Պաոլո Բերտոլինը (Իտալիա), դերասանուհի, ռեժիսոր Նինո Կիրտաձեն (Ֆրանսիա):

Կարճամետրաժ ֆիլմերի տարածաշրջանային մրցույթի ժյուրիի նախագահն է Պիպո ռեժիսոր Մեցապեսան (Իտալիա): Ժյուրիի կազմում ընգրկված են նաև օպերատոր Նորայր Կասպերը (Կանադա) և Clermont-Ferrand կինոփառատոնի ծրագրերի տնօրեն Ժորժ Բոլոնը: