Այսօր՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեկան ժողովի ժամանակ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ մի քանի դիտարկում է ցանկանում կատարել: Արդյո՞ք հիմնադրամը պետք է ծրագրեր իրականացնի նաև Սփյուռքում։
«Այս հարցի շուրջ բանավեճը, կարծում եմ, կապված է նաև ընկալումների հետ, որ հիմնադրամը հիմնականում ֆիզիկական ինչ-որ կառույցներ ստեղծող մարմին է, և էստեղից հարց է ծագում՝ եթե հիմնադրամը ճանապարհ և շենք կառուցող մարմին է, ինչո՞ւ պետք է Սփյուռքում շենք կամ ճանապարհ կառուցի: Բայց կա նաև ուրիշ խնդիր, որը կապված է հայկական ամբողջականության և ինքնության հետ: Մենք հիմա ապրում ենք մի ժամանակներում, երբ ամեն տարի բազմաթիվ հայ երիտասարդներ կտրվում են հայկական ինքնությունից, և սա շատ լուրջ պրոբլեմ է, որի հետ մենք այսօր առերեսվում ենք: Արդյո՞ք սա մի թեմա չէ, որով պետք է մենք զբաղվենք, հայկական ինքնությունը, կներեք, գուցե մի քիչ ճիշտ չհնչի, առավել գրավիչ դարձնելու համար Սփյուռքի մեր երիտասարդության համար»,- ասել է վարչապետը՝ հավելելով, որ հայկական օրակարգ ձևավորելու խնդիր կա, որով ևս պետք է հիմնադրամը զբաղվի:
Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ նոր ժամանակներում հիմնադրամի փիլիսոփայությունը պետք է ոչ թե գումարը լինի, այլ ներգրավվածությունը: Հիմնադրամը ոչ թե փող տալու և ծախսելու տեղ լինի, այլ ներգրավված միջոց լինի, ամբողջի մաս կազմելու զգացողությամբ օժտի յուրաքանչյուր մարդու:
«Այս առումով, կարծում եմ՝ շատ գրավիչ է համահայկական բյուջեի գաղափարը: Հիմնադրամի բյուջեն, իմ կարծիքով, երկարաժամկետ կտրվածքով պետք է համեմատելի դառնա ՀՀ-ի պետական բյուջեի հետ, որպեսզի մեր ազգային և պետական ամբիցիաները մենք կարողանանք սպասարկել կոնկրետ: Մենք ունենք ներուժ, մենք ունենք երազանքներ, մենք ունենք ցանկություններ, բայց չունենք այդ երազանքները և ցանկությունները կյանքի կոչելու գործիք և ես կառաջարկեի, որ համահայկական բյուջեի տրամաբանությունը որևէ ձևով քննարկվեր»,- ասել է ՀՀ վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը խոսել է նաև հավաքագրումների մասին՝ հավելելով, որ ունեցած համակարգի դեպքում դրանք գնալով նվազելու են, ինքը դա կարող է երաշխավորել:
«Եկեք բացենք քարտեզն այդ հավաքագրումների և կտեսնենք, որ ունենք դեպքեր, երբ մի գործարարը նվիրաբերել է ընդհանուրի 50 տոկոսը: Իհարկե, լավ է, և մենք շատ շնորհակալ ենք այդ մարդկանց, բայց այս քարտեզը, այդ կառուցվածքն այդ նվիրատուներին էլ է մտահոգում: Մարդիկ ասում են՝ ինչո՞ւ ես մենակ 5 մլն դոլար կարող եմ տալ կամ 7 մլն, ամբողջ մնացած հայությունը` ևս այդքան կամ դրանից քիչ: Մեր քաղաքականությունն ապահովում է ոչ թե ներգրավվածություն, այլ ընդհակառակը՝ ավելի ու ավելի քիչ շրջանակ է էս թեմայի մեջ ներգրավվում»,- հավելել է վարչապետը ու նաև նշել, որ որպես հաջորդ խնդիր առանձնացնում է բարեգործության մեջ առակա որոշ երևույթներ:
0Comments