ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ծաղրել են իրեն չհամապատասխանող սմոքինգի համար, որով նա Մեծ Բրիտանիա պետական այցի ընթացքում մասնակցել է թագուհի Եղիսաբեթ Երկրորդի ընթրիքին, հայտնում է Daily Mail-ը։
Davies & Son լոնդոնյան ատելիեի աշխատակից Պատրիկ Մերֆին հայտարարել է, որ Թրամփի սմոքինգի յուրաքանչյուր դետալ սխալ է կարված եղել։ «Այն նրան չի համապատասխանում ոչ հասակով, ոչ չափով։ Ժիլետը չափազանց երկար է, այն չպետք է երեւա պիջակի տակից։ Նրա կինը ֆանտաստիկ տեսք ուներ, իսկ նա՝ հակառակը։ Թեւքերը փակում են դաստակները, սակայն դրանք մի ամբողջ դյույմով կարճ պետք է լինեն։ Տպավորություն է, թե նա երեք տարբեր կոստյումների երեք տարբեր մասեր է կրել»,- ասել է փորձագետը։
Մերֆիի կարծիքով՝ Ամերիկայի նախագահի տաբատը եւս չի համապատասխանել նրան. դրանք չափազանց մեծ են եղել եւ երկար այդպիսի կոստյումի համար։ Նա պիջակի դեպքում եւս թերություն է գտել. «Նա խոշոր տղա է, սակայն պիջակի ուսերը չափազանց լայն են. դրանք չեն համապատասխանում նրան»։
Դոնալդ Թրամփի արտաքին տեսքի քննարկմանը միացել են նաեւ Twitter-ի օգտատերերը։ «Թրամփը պիջակը վերցրե՞լ է Բերոնից»,- նշել է նրանցից մեկը՝ նկատի ունենալով նախագահի 14-ամյա որդուն։
Սա առաջին անգամը չէ, երբ Դոնալդ Թրամփին ծաղրում են նորաձեւության վրիպումների համար։ 2018թ.-ի ապրիլին նրա վերնազգեստը եւս ծաղրի էր արժանացել սոցիալական ցանցերում։ Այդ ժամանակ օգտատերերի ուշադրությունը գրավել էր նրա կապույտ վերարկուն. այն անբնականորեն մեծ էր։
0Comments