Օրերս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում նշել էր, որ ինքն է առաջին անգամ Արցախի հարցի բանակցային պրոցեսի վերաբերյալ փաստաթղթերը փոխանցել ԼՂ իշխանություններին: Նրանք դրանից առաջ տեղյակ չեն եղել՝ ինչ է բանակցվել դրանից առաջ.
«ԼՂՀ-ի և ՀՀ-ի ռազմաքաղաքական ղեկավարության հետ մի քանի անգամ հանդիպումների ժամանակ ներկայացրել եմ Արցախի հարցի լուծման վերաբերյալ իմ տեսլականը և հետաքրքրվել եմ՝ համաձա՞յն են դրա հետ, թե՞ ոչ։ Պարզվել է, որ բոլորը համաձայն են դրա հետ: Եվ երբ դրանից հետո այդ սեղանի շուրջ ներկա մարդիկ հրահրում են տակից՝ ասելով, որ՝ ա՛յ էս կառավարությունը հողեր է ծախում, իմ մոտ հարց է առաջանում՝ ես էս մարդու հետ նստել, խոսել եմ գաղտնիության պայմաններում, թե ոնց եմ պատկերացնում, ինչ քայլերով մենք պետք է գնանք առաջ, եթե էս մարդը դուրս ա գալիս, իր օգնականին ասում է՝ գնա Ֆեյսբուքում գրի, թե Փաշինյանը հողերը ծախում ա, ինչի՞ համար ա ինքը դա անում: Ինքը գիտի 100%-ով, թե ինչ ա կատարվում: Եվ ընդ որում՝ երբ ՀՀ իշխանության ղեկին եղել է իր պարի ընկերը, ինքը ոչ մի ինֆորմացիա չի ունեցել, իրեն հարկ էլ չեն համարել տեղյակ պահել, թե ինչ է կատարվում, ինչ են մտածում և ինչ են ուզում ասել: Ես եմ Ղարաբաղի հարցի բանակցային պրոցեսի վերաբերյալ փաստաթղթերը փոխանցել ԼՂ իշխանություններին: Նրանք դրանից առաջ տեղյակ չեն եղել՝ ինչ է բանակցվել դրանից առաջ, տեղակ չեն եղել»,- ասել էր վարչապետը։
168.am-ը Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ ՀՀԿ-ի իշխանության օրոք Արցախի իշխանություններին տեղյակ չեն պահել բանակցային գործընթացի վերաբերյալ։
«Մենք պետք է սովորած լինենք, որ, ցավոք, Նիկոլ Փաշինյանը պարբերաբար ոչ ադեկվատ հայտարարություններ է անում ընդհանրապես, Արցախի հարցով՝ հատկապես։ Դեռևս նախորդ տարի ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ Փաշինյանն ասաց, որ միայն մենք ենք հող հանձնելու վերաբերյալ բանակցել, հետո պարզվեց, որ նման բան չկա։ Հետո Արցախում դավադիր ուժեր էր փնտրում, պատերազմ հրահրող, բայց ինչպես հասկացա ԱԱԾ-ի և ԱԳՆ-ի դիպլոմատիկ հայտարարություններից՝ նման բան չկա։ Հիմա էլ ասում է, որ Արցախի իշխանությունները տեղյակ չեն եղել բանակցություններից։
Կարծում եմ՝ Նիկոլ Փաշինյանն աշխատում է կարճ հիշողություն ունեցող մարդկանց վրա, որովհետև, երբ Սերժ Սարգսյանը նախագահ եղած ժամանակ գնում էր Արցախ և օրերով մնում էր այնտեղ, լրատվամիջոցները մանրամասներ էին գրում, թե Սերժ Սարգսյանն ինչպես է համոզում Արցախի իշխանություններին գնալ փոխջիջումների։ Այս ամենը հիշեցրեք Նիկոլ Փաշինյանին, երբ նա նման սենսացիոն հայտարարություններ է անում»,- ասաց Ա. Աշոտյանը։
Ըստ նրա, Արցախին բուն փաստաթղթերի տրամադրման գործընթացը կարող է մեկնաբանել ՀՀ արտգործնախարարությունը։
Նա վստահեցրեց, բանակցային գործընթացի վերաբերյալ չկա որևէ փաստաթուղթ, որից Արցախի իշխանությունները տեղյակ չեն եղել։
0Comments