Հայաստանի կողմից հրադադարի ռեժիմի պահպանումը թուլության նշան չէ. նախարար

Նախարարը նշեց հրադադարի ռեժիմի խախտման անթույլատրելիությունը եւ ցավով արձանագրեց հայ զինվորի մահը

Պետք չէ կարծել, որ Հայաստանի կողմից հրադադարի ռեժիմի պահպանումը թուլության նշան  է: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:

Պատասխանելով հարցին այն մասին՝ կատարվում են արդյոք Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների միջեւ ձեռք բերված  պայմանավորվածությունները, նախարարը նշեց, որ պայմանավորվածությունների իրականացման հարցը, կատարման մեթոդիկան քննարկվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպումների ընթացքում:

Նախարարը նշեց հրադադարի ռեժիմի խախտման անթույլատրելիությունը եւ ցավով արձանագրեց հայ զինվորի մահը:

«Մենք մեր կողմից հավատարիմ ենք հրադադարի պահպանմանը: Եվ կշարունակենք ամեն ինչ անել պայմանավորվածությունների իրականացման համար: Սակայն պետք է հասկանալ, որ խաղաղության պահպանմանը հետեւելը թուլության նշան չէ, այլ սեփական ուժերին վստահ լինելու նշան: Հարկավոր է ամրապնդել հրադադարի ռեժիմը, քանի որ այլընտրանքը  բոլոր կողմերի համար չափազանց բացասական հետեւանքեր ունի», - զգուշացրեց Մնացականյանը: