Այսօր՝ մայիսի 31-ին, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր պաշտոնի համար առաջադրեց փաստաբան Վահե Գրիգորյանի թեկնածությունը:
Լրագրողների հետ ճեպազրույցում ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանը նշեց, որ ինքը՝ որպես ԱԺ նախագահ, ընդունում է բոլոր թեկնածուներին, որոնց ուղարկում է ՀՀ նախագահը:
Նշենք, որ Վահե Գրիգորյանը կլինի այս խորհրդարանի արդեն 5-րդ թեկնածուն, նախորդ 4-ին խորհրդարանը տապալել է, իսկ Վահե Գրիգորյանի թեկնածությունը տապալել էր նախորդ Ազգային ժողովը:
Վահե Գրիգորյանի մասով Միրզոյանը նշեց, որ կարող են ընտրել, կարող են նաև չընտրել:
ԱԺ նախագահը հայտարարեց, որ ինքը մոտ հարաբերություններ ունի Վահե Գրիգորյանի հետ, ինչը ձևավորվել է դեռ տարիներ առաջ, երբ տարբեր հարցերով ընդվզման շարժումներ են արել. «Այդ ժամանակ մեզ հետ են եղել տարբեր իրավապաշտպաններ, այդ թվում նաև Վահե Գրիգորյանը: Կարծում եմ նորմալ է, որ մենք կարողացել ենք մտերիմ հարաբերություններ ձևավորել: Չափազանց մեծ դեր է խաղում այն, որ մենք մեծ ընդհանրություններ ունենք արժեքային համակարգի և երկրի զարգացման տեսլականի առումով: Նրա թեկնածությանը ես չափազան դրական եմ վերաբերում, իսկ ինչպիսին կլինի խմբակցության վերաբերմունքն ու ընտրության արդյունքը, կերևա քվեարկության արդյունքում»:
Ինչ վերաբերում է օրենքին, որ նույն թեկնածուին չի կարելի երկրորդ անգամ ներկայացնել, Միրզոյանը հայտարարեց, որ դա օրենքի կամայական մեկնաբանություն է. «Իրավաբանների հետ հազար անգամ խորհրդակցություն է եղել»:
0Comments