ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն այսօր Հանրապետության հրապարակում լրագրողների հետ զրույցում ողջունեց բոլորին պայծառ տոնի կապակցությամբ՝ նշելով, որ մեր ժողովրդի կյանքում մայիսի 28-ը բացառիկ դերակատարություն է ունեցել: Հիշեց Ամենայն Հայոց Գևորգ Ե կաթողիկոսին:
1918 թվականին, երբ թուրքական 36-րդ դիվիզիան ներխուժում է Արարատյան դաշտ և գրավում Սարդարապատից 10 կմ հեռու գտնվող «Արաքս» կայարանը, որով անցնում էր Ալեքսանդրապոլ-Երևան երկաթգիծը, հայկական զորքերի երևանյան զորախմբի հրամանատար գեներալ Սիլիկյանը, Երևանի ապագա պարետ Շահխաթունու ուղեկցությամբ, այցելում է Էջմիածին: Ամենայն Հայոց կաթողիկոս Գևորգ Ե կաթողիկոսին նա առաջարկում է անվտանգության համար տեղափոխվել Սևանա լճի շրջան։ Կաթողիկոսը պատասխանում է կտրուկ մերժողական. «Եթե հայկական ուժերն ի վիճակի չեն պաշտպանելու այս սրբազան վայրը, ապա ես ինքս կանեմ դա, և հոգ չէ, թե կզոհվեմ հազարամյա տաճարի շեմին»:
Հայոց հովվապետը հրամայում է օր ու գիշեր հնչեցնել բոլոր եկեղեցիների զանգերը և ոտքի հանել ժողովրդին։ Նա ժողովրդի ներկայությամբ աղոթելով՝ երդվում է համընդհանուր նահանջի դեպքում անգամ մնալ Ս. Էջմիածնում ու անձամբ պաշտպանել Մայր աթոռը։
«Բայց չեմ կարող իմ վրդովմունքը զսպել: Ուղղակի անպատկառություն է.1919թվականին՝ այս օրերին, նշվեց Հայաստանի անկախության 1-ամյակը, և Ազգային ժողովը որոշեց, որ մայիսի 28-ը լինելու է Հայաստանի անկախության օրը, ու այն կտակեցին սերունդներին՝ որպես փարոս: Նախ՝ կոչեցին Առաջին Հանրապետության օր, հիմա կոչվում է պարզապես Հանրապետության օր: Օրեր առաջ ես դիմել եմ Նիկոլ Փաշինյանին՝ կոչ անելով վերջապես այդ քայլը կատարել, այս օրը կոչել այնպես, ինչպես նախանշել են կոչել օրվա ճարտարապետները, հիմնադիրները:
Այսինքն՝ Անկախության վերականգնման օր: Միջազգայնագետներն առաջարկում են կոչել Անկախության վերականգնման օր, որովհետև մեր իրական անկախությունը սկսվում է Հայկի ու Բելի կռվից: Այսինքն, օգոստոսի 11-ը նշել հայ ազգի կայացման, հայության անկախության օր, իսկ մայիսի 28-ը՝ Անկախության վերականգնման օր: Երևի ժամանակը կարճ էր, և մենք դեռ պատասխան չենք ստացել»,- ասաց Պարույր Հայրիկյանը:
«Սեպտեմբերի 21-ի հետ կապված՝ 1973թ. Ազգային Միացյալ կուսակցության խորհրդին առաջարկել եմ , որ մեր անկախության ճանապարհը պետք է լինի ինքնորոշումը՝ անկախություն հանրաքվեի ճանապարհով… բայց, ի՞նչ է կատարվում. իմ ստեղծած օրը, որը կոչել եմ ինքնորոշման օր, որի հետ իրենք ոչ մի կապ չունեն, կոչում են Անկախության օր: Ախր ձեզ ո՚՞վ է այդպիսի անպատկառություն ներարկել: Կարող եք ձեր զավակին ինչպես ուզում եք՝ կոչել, բայց իմ զավակի անունը ես եմ դրել, ես գիտեմ դրա էությունը:
Եվ, ի վերջո, 1991թ. սեպտեմբերի 21-ը կոչելով Անկախության օր՝ մենք անտեսում ենք ոչ միայն մայիսի 28-ը, այլև օգոստոսի 23-ը: 1990 թվականին ՀՀ խորհրդարանն անկախության վերաբերյալ հռչակագիր է ընդունել: Երևի աշխարհի ոչ մի ազգի քաղաքական գործիչներ այս մակարդակը չունեն: Բթամտության հարցում մենք կարող ենք առաջին տեղում լինել»,- հավելեց նա:
0Comments