Արմեն Սարգսյան՝ մեզ խոնարհ հարս պետք չէ

Նա ամբողջ տարին շրջագայությունների մեջ է

Արմեն Սարգսյանը տարիների հետ շեշտակի էվոլուցիա է ունեցել, եթե կար ժամանակ, որ նա կարող էր մի դաստիարակչական ապտակից նեղանալ ու լքել երկիրը, ապա Լոնդոններից նամակով հայտնել վարչապետի պաշտոնից իր հրաժարականի մասին, ինչպես եղավ հեռավոր 1997-ին, ապա այսօր նա կրկին հեռու է Հայաստանից, բայց չի պատրաստվում հրաժարական տալ, չնայած ամեն կողմից իր հասցեին ապտակին հավասարազոր քննադատություններ են:
Իր պաշտոնավարման մեկ տարվա ընթացում ՀՀ նախագահը դրսեւորվել է իբրեւ բարձրակարգ <<տուրիստ>>: Նա ամբողջ տարին շրջագայությունների մեջ է, իսկ հետհեղափոխական Հայաստանում ինչեր ասես որ չկատարվեցին ու դեռ շարունակվում են, բայց ՀՀ լոնդոնից բերած նախագահը իր անվրդով հանգստության մեջ է, նրան ոչ հուզում են, թե ով է ում ասֆալտին փռել, ով ում պատին ծեփել, որ գործարարին են փայ մտել, որ ուսուսչին, տնօրենին, գյուղապետին ու քաղաքապետին են գործից հանել, ինչու են ՀՀ քաղաքացիներին սորտավորել, բաժանել սեւի ու սպիտակի: Նրա անդորրը չխախտվեց անգամ Արցախի եւ հրամկազմի նկատմամբ նոր իշխանությունների դեմարշից հետո: Դատական իշխանությանը ճնշելու իշխանության վերջին փորձին անգամ արձագանքեցին անդրշիրիմյան քաղաքական ուժերը, Արմեն Սարգսյանը իրեն ուղղված բազում կոչերից հետո մի ոչինչ չասող հայտարարությամբ հանդես եկավ՝ ընդամենը ցիտելով սահմանադրական դրույթներից, Այն պարագայում, երբ Սահմանադրությամբ ինքը պետության գլուխն է եւ մայր օրենքի երաշխավորը, ով պարտավոր էր պարզապես կոշտ դիտողություն անել իշխանության մի թեւին մյուսին ճնշելու համար: Այս մարդը սոսկ իր դեկորատիվ ներկայությունն է ապահովում սույն պաշտոնում եւ պետության հաշվին կլոր տարին երկրներ այցելում, Հայաստանում գտնվելու կարճ ժամանակամիջոցն էլ ծառայեցնում իր փիառին, ասենք պաղպաղակ է ուտում երեխաների հետ, ոտքով ցուցադրաբար զբոսնում երեւանի փողոցներում, միայնակ մասնակցում շաբաթօրյակին, իր համեստ ու ժուժկալ քայլերով փորձում հակադրվել իշխանության ճոխ կենցաղին: Իհարկե, այս ամենը գովելի կլիներ, եթե Արմեն Սսարգսյանը կատարեր Սահմանադրությամբ իրեն վերապահված առաքելությունը, մենք հեզ ու խոնարհ հարս չենք բերել, որ ուրախանանաք իր հեզաճկուն պահվածքից, գրում է hayeli.am: