Հայաստանի «Ալֆան» և «Օմեգան»

ԱԳՆ լուծարվեց՝ հերթը բանակինն է

ա

Հայաստանի ԱԳ նախարար է նշանակվել ԱԺ նախկին նախագահ Արարատ Միրզոյանը։ Մինչ այդ ԱԳՆ-ն յոլա էր տանում քաղաքական «կոմիսար» Արմեն Գրիգորյանը, որը հետ ուղարկվեց ԱԽ քարտուղարի նախկին պաշտոնին, որտեղ արդեն ինքն իրեն է կոմիսարություն անելու: Պետական շինարարությունը միայն հեքիաթներում կարող է այս աստիճան զավեշտալի լինել՝ իրականության մեջ պատկերը ողբերգական է լինում

Նոյեմբերի 9-ից ի վեր ՀՀ ԱԳՆ-ն աշխատում էր «ինքնավար» ռեժիմով, նախարարներ Մնացականյանն ու Այվազյանը փորձում էին բաց պահել Արցախի խնդիրն ու հայկական իրավունքների հարցերը միջազգային ատյաններում եւ կարեւոր մայրաքաղաքներում։ Երկուսն էլ հեռացան վարչապետի աշխատակազմի հետ տարաձայնությունների պատճառով, հեռացավ նաեւ ԱԳՆ ամբողջ ղեկավարությունը։ Աշխատակազմից հայտարարվեց, որ արտաքին քաղաքականությունն իրացնում է վարչապետի աշխատակազմը, ինչը վկայում էր, որ ԱԳՆ-ն ջախջախելու պատճառը վարչապետի՝ Պուտինի ու Ալիեւի հետ եռակողմ ձեւաչափում գաղտնի փսփսոցի ռեժիմում գործունեությունն էր։

Պատճառաբանվեց, թե այդպիսով «որոշակի կապ է ապահովվում» կառավարության նախագահ Փաշինյանի եւ կառավարության գերատեսչութուն ԱԳՆ-ի միջեւ: Նման զավեշտ թերեւս միայն Հայաստանում կարելի է տեսնել: Ոչ պակաս սոփեստական է պատճառաբանության այն ընդլայնումը, թե «ընտրություններում հաղթելու ուժով ԱԳ նախարարությունը պետք է իրացնի Քաղաքացիական պայմանագիր կուսակցության արտաքին քաղաքական կուրսը»: Ում առջեւ են արդարանում իմքայլականները՝ հայրենի հանրության, մի գուցե, կարեւոր մայրաքաղաքների առջեւ: Բոլորին պարզ է, որ իրացվում է «չկա կուրս՝ պետք չէ ԱԳՆ» բանաձեւը:

Արարատ Միրզոյանի, իսկ մինչ այդ ԱՄՆ դեսպանի պաշտոնին Լիլիթ Մակունցի նշանակումով գործընթացն ամբողջանում է։ ՔՊ ծրագիրը «խաղաղ դարաշրջանի ու թշնամանքի կառավարման» դատարկաբանության ներքո ենթադրում է ռուսական պլանի իրագործում: Արցախի հարցի փակում եւ միջազգային պատկան կառույցներում քաղաքական կարգավորման բացառում: Այսպես կոչված «Ադրբեջանի»՝ որպես պետության լեգալիզացիա Հայաստանի տարածքի մասնատման, սուբյեկտության ու ինքնիշխանության ոչնչացման հաշվին։

Ահա եւ Հայաստանի պետականության ալֆան եւ օմեգան։ Արարատ Միրզոյանի հետ «պատերազմի գաղտնիքը» չսպանվեց՝ Փաշինյան «ալֆայի» առջեւ դնելով ընտրություններում քվոտավորված հաղթանակի ու ՔՊ ծրագրի դրույթները «արտաքին քաղաքականություն» դարձնելու խնդիրը։ Սրա համար նախարարություն որպես այդպիսին պետք չէ՝ բավական է «ԱԳՆ» կապարե ցուցանակով մշտարթուն մի ժամապահ՝ «պատերազմի գաղտնիքները» ձուլածո որկորում։

Սկզբնաղբյուր