Քոչարյանին ազատ արձակելու դեմ բողոքող ցուցարարների երթն ավարտվեց. որոշեցին վաղը կրկին հավաքվել. Կլինի երթ

Քայլերթ կանցկացնենք եւ մեր կոչերով մարդկանց ցույց կտանք, որ մենք այսքան չենք

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու եւ նրան ազատ արձակելու դատարանի որոշումից դժգոհ քաղաքացիների ենթը Երեւանի փողոցներում ավարտվեց Ազատության հրապարակում: Ակցիայի մասնակիցներից Ջիվան Աբրահամյանը նշեց, որ վաղը՝ մայիսի 19-ին, ժամը 18-ին նորից հավաքվելու են Ազատության հրապարակում:

«Քայլերթ կանցկացնենք եւ մեր կոչերով մարդկանց ցույց կտանք, որ մենք այսքան չենք, շատ ավելի ավելի շատ ենք: Բոլոր նրանք, որոնք ցանկանում են Ռոբերտ Քոչարյանին կալանավորված տեսնել, վաղը թող միանան մեզ: Իմ առաջարկն է՝ ժամանակ տալ դատարանին, որ մինչեւ երկուշաբթի ժամը 16-ը կալանավորի Ռոբերտ Քոչարյանին»,-ասաց նա: Դրանից հետո ցուցարարները ցրվեցին:

Նշենք, որ այսօր՝ մայիսի 18-ին, Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու որոշումից հետո դատարանի բակում նրա դեմ ակցիա իրականացնող քաղաքացիները քայլերթ են իրականացրել: Նրանք նախ փակել են Մյասնիկյան պողոտան, ապա քայլերթով հասել են Ազատության հրապարակ, որտեղ հանրահավաք են անցկացրել:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ դատարանն այսօր Ռոբերտ Քոչարյանի համար որպես խափանման միջոց է համարել երաշխավորություննը: Նրան ազատելու երաշխավորությամբ հանդես էին եկել Արցախի նախագահ Բակո Սահակյանը և նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը: