Լուսադիոդային լամպերը կարող են անդառնալ վնաս հասցնել աչքերին եւ տեսողության վատացմանը հանգեցնել: Ֆրանսիայի Պարենամթերքի, շրջակա միջավայրի, հիգիենայի եւ աշխատանքի անվտանգության գործակալության (ANSES) 400 էջանոց զեկույցի համաձայն՝ հզոր լուսադիոդային լամպերը «ֆոտոտոքսիկ» են:
ANSES-ը նշում է, որ լուսադիոդային լուսավորության ժամանակ ճառագայթող լույսը կարող է հանգեցնել աչքի ցանցաթաղանթի վնասմանը, ինչպես նաեւ քնի բնական ռիթմերի խախտմանը: Այդ կապակցությամբ գործակալությունը խորհուրդ է տալիս վերանայել լուսադիոդային լամպերի ճառագայթման առավելագույն նորմերը:
Նշվում է, որ բարձր ինտեսիվությամբ լուսադիոդային լուսավորության պարբերական ներգործությունը կարող է աչքի ցանցաթաղանթի ծերացում առաջացնել:
Սա իր հերթին կարող է հանգեցնել տեսողության սրության նվազման եւ որոշ դեգեներատիվ հիվանդությունների, այդ թվում դեղին բծի տարիքային դեգեներացիային:
Ընդ որում նշվում է, որ պլանշետներում, սմարթֆոններում եւ նոութբուքերում LED տեխնոլոգիաները վտանգ չեն ներկայացնում աչքի վնասման տեսանկյունից՝ լուսավորության ցածր աստիճանի շնորհիվ:
Մինչդեռ ստրոբոսկոպիկ ազդեցության հետեւանքով լուսադիոդային լամպերը կարող են գլխացավ եւ հոգնածություն առաջացնել, ինչպես նաեւ բարձրացնել դժբախտ պատահարների վտանգը:
0Comments