«Սա գիրք կոչել դժվար է, լավագույն դեպքում՝ նկարչական տետր է: Ցանկացած գրականություն, որը վերաբերում է երեխայի սեռական, հոգեբանական զարգացմանը, անպայման պետք է մասնագիտական քննարկում անցնի, թե չէ՝ վերցնել թարգմանել, զուտ թարգմանելու համար, սխալ է: Ինչպես հին խոսքն է ասում՝ ուզում էինք, որ լավ ստացվի, ստացվեց՝ ինչպես միշտ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով «Իմ մարմինն անձնական է» գրքին՝ ասաց սեքսոպաթոլոգ Վրեժ Շահրամանյանը:
«Ընդհանրապես ցանկացած ձեռնարկ, գրականություն, որևէ ինչ-որ մի ինֆորմացիոն աղբյուր, որը հրամցվում է հանրությանը՝ պետք է ենթարկվի մասնագիտական վերլուծության, անհրաժեշտության դեպքում՝ խմբագրվի, սրբագրվի, հատկապես այնպիսի նուրբ թեմաները, որոնք առնչվում են երեխայի զարգացման հետ: Ավելին, նյութը պատրաստելուց հետո պետք է կազմակերպվի մասնագիտական քննարկում: Պետք է հաշվի առնել մեկ հանգամանք ևս. ցանկացած դաստիարակչական մոտեցում պետք է ադապտացվի տվյալ երկրի էթնոմշակութային առանձնահատկություններին: Վերջիվերջո, ցանկացած քայլ պետք է ունենա նպատակ. ո՞րն է նպատակը, օգնե՞լ մարդկանց, դա կարելի է կազմակերպել ճիշտ մեթոդաբանությամբ»,- հավելեց նա:
Վրեժ Շահրամանյանն ընդգծեց՝ մարդիկ պետք է հասկանան, որ ամեն ինչ չէ, որ պետք է գնել, քանի դեռ մենք չունենք լծակներ, որ ամեն ինչ չեն կարող հրատարակել:
«Այսօր ում խելքին ինչ փչում է՝ հրամցնում են հանրությանը: Ինչու մենք մասնագետներ չունե՞նք, և կարիք կար օտարալեզու գրականությո՞ւն թարգմանել: Կարելի էր, չէ՞, դիմել փորձառու մասնագետների: Սեռական զարգացման, դաստիարակության մասին խոսելիս պետք է հստակ տիրապետել մեթոդաբանությանը՝ ի՞նչ ես խոսում, ո՞ր տարիքային խմբի հետ ես խոսում և ինչպե՞ս ես այն մատուցում: Վերցնել, կտրել դաստիարակությունից ինչ-որ մի հատված ու ասել՝ վատ ու լավ հպումներ…
Ինչո՞ւ պետք է երեխայի ուշադրությունը բևեռել այդ հարցերի վրա, եթե դա կարելի է անել այլ ու անվտանգ եղանակներով: Երեխայի սեռական դաստիարակությունը պետք է սկսել այն ժամանակ, երբ տալիս է իրեն հուզող առաջին հարցերը: Բոլորովին պետք չէ ասել՝ արի, զրուցում ենք այս կամ այն հարցերի մասին: Դա արվում է շատ զգույշ, անուղղակի, առանց շեշտադրումների: Ժամանակին արվում էր հեքիաթների, մուլտֆիլմերի միջոցով, որտեղ ամենն անուղղակի մատուցվում է: Երեխային պետք է սովորեցնել «ոչ» ասելու սկզբունքը: Եթե մի բանի վրա ծնողը շատ է բևեռում երեխայի ուշադրությունը, մի հատ էլ առանձին զրույց է վարում նկարչական միջոցներով, ավելորդ է: Երեխան շատ զգայուն է»,- նշեց Վրեժ Շահրամանյանը:
0Comments