Ղազախստանի ԿԸՀ-ն շաբաթ առաջին անգամ երկրի նախագահի կին թեկնածու է գրանցել, փոխանցում է «Ռիա Նովոստի»-ն:
Խորհրդարանի մաժիլիսի (ստորին պալատ) «Ակ ժոլ» («Լուսավոր ուղի») կուսակցության պատգամավոր Դանիա Եսպաեւան հունիսի 9-ին կպայքարի բարձրագույն պաշտոնի համար:
Ավելի վաղ ԿԸՀ-ն առաջիկան նախագահական ընտրությունների թեկնածու էր գրանցել Ղազախստանի գործող ղեկավար Քասիմ-Ժոմարթ Թոքաեւին, գրող Սադիբեկ Թուգելին եւ Արեմտաղազախական մարզի արհմիությունների տարածաշրջանային միավորման նախագահ Ամանգելդի Տասպիխովին:
Եսպաեւան 58 տարեկան է, մասնագիտությամբ տնտեսագետ է, երկար ժամանակ աշխատել է բանկային համակարգում, 2016 թվականից մաժիլիսի պատգամավոր է: «Ակ ժոլը» 2012 թվականից խորհրդարանական կուսակցություն է, մաժիլիսում պատգամավորական խմբակցություն ունի:
2015 թվականին Ղազախստանի նախագահական ընտրություններին մասնակցելու ցանկության մասին հայտնել էին 2 կին՝ Լիմանա Կոյշիեւան եւ Այգուլ Ուտեպովան, սակայն նրանցից ոչ մեկը մինչեւ թեկնածուների գրանցման փուլ չէր հասել: Կոյշիեւան հաստատել էր պետական լեզուն ազատ տիրապետելու մասին, սակայն չէր կարողացել իր օգտին անհրաժեշտ քանակությամբ ստորագրություններ հավաքել, իսկ Ուտեպովան իր դիմումը հետ էր վերցրել:
ԿԸՀ տվյալներով՝ նախագահի թեկնածուներին աջակցությունը պետք է հաստատվի ընտրողների ոչ պակաս 1 տոկոսի ստորագրություններով, որոնք հավասարաչափ ներկայացնում են մարզերի, հանրապետական նշանակության քաղաքների եւ մայրաքաղաքի երկու երրորդից ոչ պակասը: 2019 թվականի հունվարի 1-ի դրությամբ Ղազախստանի ԿԸՀ ընտրողների ռեեստրում ներառված է ձայնի իրավունք ունեցող 11,8 մլն քաղաքացի, պետք է հավաքվի 118,1 հազար ընտրողների արժանահավատ ստորագրություն:
Գրեթե 30 տարի Ղազախստանը ղեկավարած Նուրսուլթան Նազարբաեւը երկրի նախագահի լիազորությունները վայր էր դրել մարտի 20-ին: Պետության ղեկավար է դարձել Քասիմ-Ժոմարթ Թոքաեւը, որը մինչ այդ Սենատի (վերին պալատ) նախագահն էր: Ղազախստանում նախագահական արտահերթ ընտրությունները տեղի են ունենալու հունիսի 9-ին: Պետական բարձրագույն պաշտոնի համար առաջադրվել է 7 թեկնածու, այդ թվում՝ Թոքաեւը:
0Comments