Երեւան-Էջմիածին ավտոճանապարհին ապրիլի 25-ին հարսանեկան ավտոշարասյան մեջ երկու ավտոմեքենաներից կրակոցներ արձակելու գործով նոր մանրամասներ են հայտնի դարձել:
Ոստիկանությունից հայտնում են, որ ապրիլի 26-ին, ժամը 19.00-ին, Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշմամբ՝ ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները խուզարկություն են կատարել 1996 թ. ծնված Էդգար Օ.-ին պատկանող «ԿԻԱ» մակնիշի ավտոմեքենայում, որտեղ հայտնաբերվել են մոտ 1,1գ մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող դեղնականաչավուն մանրեցված զանգված, օգտագործված 4 կաթուցիչ, ինչպես եւ օդամղիչ ատրճանակ, որի փամփշտատուփում առկա էր 4 փամփուշտ:
Էդգար Օ.-ն հայտարարել է, որ հայտնաբերված զենքը, որով ապրիլի 25-ին կատարվել են կրակոցներ, պատկանում է իրեն, թույլտվության վկայականը ներկայացրել է նախկինում, իսկ դեղնականաչավուն զանգվածը մարիխուանա տեսակի թմրամիջոց է, ինչը պահել է իր մոտ՝ անձնական օգտագործման համար:
«ԲՄՎ»-ում խուզարկությամբ հայտնաբերվել է գազային ատրճանակ՝ դատարկ փամփշտատուփով, իսկ սրահի պահոցում՝ տվյալ ատրճանակի 1 փամփուշտ:
Պարզվել է, որ գազային ատրճանակը գրանցված է 1988 թ. ծնված Միքայել Ղ.-ի անվամբ:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ Միքայել Ղ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:
Ավելի վաղ պարզ էր դարձել, որ ապրիլի 25-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում տեղեկություններ են ստացվել, որ ապրիլի 25-ին Երեւան-Էջմիածին ճանապարհին հարսանեկան ավտոշարասյան մասնակից «ԲՄՎ» եւ «ԿԻԱ» մակնիշի ավտոմեքենաներից ընթացքի ժամանակ արձակվել են կրակոցներ:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ, նույն օրը, ժամը 17.30-ին, Երեւան-Էջմիածին ճանապարհի Մայրաքաղաքային փողոցից ոստիկանության Վաղարշապատի բաժին բերման են ենթարկվել նշված 2 ավտոմեքենան, վարորդները ու 3 ուղեւոր:
Անձնական խուզարկությամբ «ԿԻԱ»-ի վարորդի մոտ հայտնաբերվել է 1 կաթուցիչ՝ մոխրացված զանգվածով, եւ նրա տվյալներով օդամղիչ զենքի հաշվառման քարտ: Նա հայտարարել է, որ կաթուցիչը պատկանում է իրեն, որով օգտագործել է մարիխուանա տեսակի թմրամիջոց, իսկ թույլտվության վկայականում նշված օդամղիչ զենքը գտնվում է իրեն պատկանող «ԿԻԱ» մակնիշի ավտոմեքենայում, որի միջից Երեւան-Էջմիածին ճանապարհին մի քանի անգամ կրակոցներ է արձակել օդ:
Ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Վաղարշապատի բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Նշանակվել են փորձաքննություններ:
Բերման ենթարկված անձինք բաց են թողնվել:
Նախապատրաստվում են նյութեր:
0Comments