Զարմանալի է, որ մեր քաղաքացիները չեն կարողանում ընտելանալ այն իրողությանը, որ վարչապետին պետք է քննադատել

Բաց թափանցիկ ձեր առաջ կանգնած ենք, դրա համար կոչ եմ անում անընդհատ մեզ հետ կապ պահպանել

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր ԱԺ ընդմիջման ժամին ֆեյսբուքյան էջի իր ուղիղ եթերում զրուցեց քաղաքացիների հետ և նկատեց, որ իրենք որոշ մարդկանց համար չհասկացված են լինում: 

«Ես այսօր ուզում եմ խոսել այսօրվա՝ նոր Հայաստանի ընդդիմության մասին: Հին Հայաստանի ընդդիմության պրակտիկան, ձևը, հռետորաբանությունը այլ էր, հիմա՝ լրիվ այլ: Հիմա խորհրդարանը նոր է սկսել գործել, և մեր դեբատները  բերում են նրան, որ մենք տեսնում ենք՝ քաղաքացիները սոցիալական ցանցերում շատ սուր քննադատության են ենթարկում մեզ»:

Էդմոն Մարուքյանը նշեց, որ կա ողջամիտ քննադատություն և կա աբսուրդի հասնող քննադատություն: «Երբ ասում ենք, որ Սերժ Սարգսյանը կոստյումը չպետք է հագնի այսօրվա իշխանությունը, ինչ-որ մեկը գրում է` նախանձում եք: Մյուս կողմից մարդիկ ասում են, որ պետք է բոլորով միանանք, աշխատենք. բոլորս միացած աշխատում ենք և բոլորիս միացնում է մեկ բան` Հայաստանի Հանրապետության պետական շահը. դրանից ելնելով՝ ներկայացնում ենք մեր պատկերացումնեևը: Մեր խոսակցության մեջ բան չի փոխվել, բայց մենք տեսնում ենք, որ մարդիկ պատրաստ չեն հեղափոխությունից հետո տեսնել հեղափոխական ուժին ընդդիմություն և ես տեսնում եմ, որ մենք չհասկացված ենք»,-ասաց նա և նշեց, որ քննարկումների, բախումների արդյունքներում ստեղծվում են ճշմարտություններ, և երկիրը շարժվում է առաջ:

«Նրանք, ովքեր ասում են՝ ինչպե՞ս եք քննադատում իշխանությանը, չէ՞ որ սա ժողովրդի իշխանությունն է, նրանք մոռանում են, որ մենք էլ ժողովրդի ընդդիմությունն ենք»,-ասաց նա:

Պատգամավորը քաղաքական համակարգը ներկայացրեց մարդու օրգանիզմի հետ զուգահեռներ տանելով և օրինակ բերեց՝ եթե մարդու սիրտը իշխանությունն է, իսկ լյարդը` ընդդիմությունը, ստացվում է, որ մարդիկ կան, որ չեն համաձայնում, որ օրգանիզմը ունենա լյարդ: «Հենց հանենք լյարդը, քաղաքական համակարգը կմեռնի, որը նախկինում գրեթե մեռած էր»,-ասաց նա:

ԼՀԿ նախագահը նշեց, որ բոլոր իրենց նախաձեռնությունները միտված են պետությունը առաջ տանելուն, և դրանք երբեմն կարող են չհամընկնել մյուսների կարծիքների հետ: «Ինչ կա, ձեր որոշումն է, հիմա ձեր որոշումը ինչո՞ւ եք քննադատում: Լավ տնտեսություն ունենալու համար պետք է լավ քաղաքական համակարգ, իսկ առանց լավ քաղաքական համակարգի չի կարող լինել լավ տնտեսություն: Մի մասը ասում է, թե ընդդիմությունը պետք  է ուղիղ հայհոյի իշխանություններին: Ժողովո՛ւրդ, սա նոր Հայաստանն է՝ չնայած այն ժամանակ էլ մենք մերժել ենք լալահառաչ ելույթները: Մենք եկել ենք փոխելու այդ համակարգը: Հայաստանում կա ընդդիմություն: Այն այս շենքում է և արդյունավետ, պատշաճ, հիմնարար կերպով իրականացնում է իր գործունեությունը: Իշխանությունը դժգոհ է ընդդիմությունից: Հենց իշխանությունը դժգոհ է ընդդիմությունից, ուրեմն ընդդիմությունը լավ է աշխատում»,-ասաց նա:

Էդմոն Մարուքյանը տեղեկացրեց, որ այս պահին ամենից շատ  նախաձեռնություններով հենց իրենք են ներկայացել, քաղաքացիների հետ կապը պահում են և կոչ արեց ֆինանսավորել իրենց, որ հնարավորություն ունենան ավելի շատ գրասենյակներ բացել և ավելի հասանելի լինել:

«Մենք ասում ենք, որ բիզնեսը և քաղաքականությունը պետք է տարանջատվեն և զարմանում ենք, թե ինչո՞ւ մեր քաղաքացիները չեն կարողանում ընտելանալ նոր իրողություններին, որ, այո՛, հեղափոխության լիդերը վարչապետն է և նրան պետք է քննադատել»,-ասաց նա:

«ՀՀ քաղաքացիներն են որոշել`ով լինի խորհրդարանում, ով լինի ընդդիմություն, ով լինի իշխանություն: Մեծ փողեր են դրված սոցիալական ցանցերում, մարդկանց են փչացնում, կուսակցություններ են փորձում փչացնել: Այդ բեռն էլ է մեզ վրա, քաղաքական ուժերի վրա, որ  քաղաքացիներին բացատրվի՝ որն է չոր, որն է`թաց: Մենք մեր գործը համբերատար անելու ենք»,-ասաց Մարուքյանն ու հավելեց, որ իր կուսակցությունն ամեն ինչ անում է Հայաստանի իմիջը բարձրացնելու, Հայաստանի բարեկամների թիվը ավելացնելու ուղղությամբ:

Անդրադառնալով Ապրիլի 24-ին, Էդմոն Մարուքյանը նշեց, որ մենք կորցրած մարդկանց տեղն էլ պետք է ապրենք: «Մեր դասը ավելի լավ պետություն ունենալն է: Պետք է ապրել նրանց փոխարեն, երեխաներ ունենալ նրանց փոխարեն, սովորել նրանց փոխարեն: Պատկերացրեք՝ ինչպիսին կլինի մեր երկիրը, եթե բոլորս միասին այդպես մտածենք: Հանրությունը անընդհատ շեղվում է անէական բաների վրա»,-ասաց նա:

«Բաց թափանցիկ  ձեր առաջ կանգնած ենք, դրա համար կոչ եմ անում անընդհատ մեզ հետ կապ պահպանել. աջակցեք մեզ, հզորացրեք մեզ, քանի որ մենք հզորացնում ենք երկիրը: Չի լինի մեկ քաղաքացի, ով ցանկանում է  մեզ հասկանալ, բայց մնա չհասկացված»,-եզրափակեց Մարությանը: