Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցի քննարկման եզրափակիչ ելույթում ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ իրենց խմբակցությունում դրական են տրամադրված թեկնածուի նկատմամբ։
Նշենք, որ թեկնածուն Գոռ Հովհաննիսյանն է։
Մարուքյանը նշեց, որ իր համար զարմանալի են այն փաստարկները, թե Գոռ Հովհաննիսյանի թեկնածությունը խոցելի է, փաստաթղթերն ամբողջական չեն ներկայացվել։ Նա հարց ուղղեց, թե այդ դեպքում ինչո՞ւ է ԱԺ ղեկավարությունը գրանցել նրա թեկնածությունը և հիմա հարցն է՝ ուզո՞ւմ են դառնա, թե՞ ոչ։
«Է կարելի է ի սկզբանե ասել՝ դեմ ենք թեկնածուին, չենք ուզում այս թեկնածուն դառնա ՍԴ դատավոր։ Հա ես էլ չեմ կիսում թեկնածուի ֆեյսբուքյան որոշ ստատուսներ, իմ համախոհն էլ չի, բայց կարծես այստեղ համախոհի չենք փնտրում, որ մեր պատկերացրած բառերով գնահատական տա ՍԴ նախկին որոշումների վերաբերյալ, Քոչարյանի գործին, բայց ես մտածում եմ, թե հիմնվելով այն հանգամանքի վրա, որ թեկնածուի կենսագրությունը ուսումնասիրել ենք, գիտենք, որ ՍԴ-ում աշխատել է, բավական կարծիքներ եմ հարցրել, թե ինչ ձևով է իրացրել աշխատանքը, ես կարծում եմ, ունենք շատ լավ թեկնածու ՍԴ-ի դատավորի համար»,-ասաց նա։
Բացի այդ, նա նշեց, որ ամենակարևորն այն է, որ թեկնածու ոչ մի կապ չի ունեցել նախորդ իշխանությունների հետ. «Եվ, ինչպես ակնհայտորեն տեսանք, ոչ մի կապ չունի այսօրվա իշխանության հետ, նա կարող է լինել դասական անկախ ՍԴ դատավոր: Կարող է՝ հռետորական արվեստին լավ չի տիրապետում, բայց մենք ունենք պրոֆեսիոնալ իրավաբան թեկնածու: Մենք խմբակցությունում դրական ենք տրամադրված»,-ասաց նա։
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն էլ արտահերթ ելույթ ունեցավ՝ պատասխանելով հարցին, թե ինչու է ԱԺ-ն ընդունել թեկնածությունը, եթե ֆորմալ առումով խոցելի էր։
Նա ասաց, որ պետական մարմինները ներկայացված փաստաթղթերի առնվազն զգալի մասը հայերեն թարգմանություն չի ունեցել, գերմաներեն են եղել, աշխատանքային փորձի ապացույցները կցված չեն եղել, կարող էին կառչել օրենքի տառին ու կասեցնել նախագահի առաջադրած թեկնածուին։ «Բայց մենք կարծում ենք, որ օրենքի տառը օրենքի ոգու նկատմամբ գերակա չպետք է լինի»,-ասաց նա և նշեց, որ սահմանել են ժամանակ՝ առաջարկելով շտկել ձևական սխալները, և դրա համար գրանցել են։
0Comments