Դելիում հոսպիտալացվել է Դալայ-լաման

Հնդկաստանում բնակվող մոտ 100 000 տիբեթցիներից շատերը մտավախություն ունեն, որ Դալայ-լամայի մահվան դեպքում, իրենց հայրենիքի անկախացման համար պայքարը կավարտվի

Հնդկաստանի Դելի քաղաքում հոսպիտալացվել է Տիբեթի 83-ամյա հոգևոր առաջնորդ Դալայ-լաման, որի մոտ կրծքավանդակի շրջանում բորբոքում է ախտորոշվել:

Ինչպես հայտնում է The Guardian-ը, բժիշկների խոսքով՝ բուդդիստ հոգևորականի վիճակը կայուն է:

Դալայ-լամայի անձնական քարտուղար Թենզին Թակլհան նշել է, որ հոգևորականի ինքնազգացողությունը վատացել է, ինչից հետո նրան օդային ճանապարհով տեղափոխել են Դելիի հիվանդանոցներից մեկը:

Հնդկաստանում բնակվող մոտ 100 000 տիբեթցիներից շատերը մտավախություն ունեն, որ Դալայ-լամայի մահվան դեպքում, իրենց հայրենիքի անկախացման համար պայքարը կավարտվի:

Պարբերականը մանրամասնում է, որ Դալայ-լաման 1959թ. Չինաստանի իշխանությունների դեմ ընդվզման տապալումից հետո փախել է Հնդկաստան, որտեղ որպես վտարանդի ապրում է Դհարամսալա բնակավայրում:

Ավելի վաղ Դալայ-լաման նախազգուշացրել էր, որ իր մահվանից հետո կարող է այնպես պատահել, որ Չինաստանը փորձի Տիբեթի հոգևոր առաջնորդի պաշտոնում իր թեկնածուին պարտադրել, ինչն անընդունելի է: