«Դուխով Հայաստան» «ֆեյք» էջի օգտատերը կալանավորվել է. ԱԱԾ

Հարուցվել է գործ՝ Քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում «Դուխով Հայաստան» «ֆեյք» էջի համակարգողներից մեկը կալանավորվել է։

Այս մասին Tert.am-ի հարցին, թե իրավական ինչ ընթացք է ստացել ձերբակալված «ֆեյք» օգտատերը, հայտնեց ԱԱԾ մամուլի քարտուղար Սամսոն Գալստյանը։

«Հարուցվել է գործ՝ Քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով։ Նրա նկատմամբ դատարանի որոշմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Նախաքննությունը շարունակվում է»,-ասաց Սամսոն Գալստյանը։

Նշենք, որ ՀՀ ՔՕ-ի 226-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը սահմանում է ազգային, ռասսայական կամ կրոնական թշնամանք հարուցելը, որը կատարվել է հրապարակայնորեն կամ լրատվության միջոցներ օգտագործելով։

Հիշեցնենք,որ ավելի վաղ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հայտնել էր, որ «ֆեյքերի» դեմ վարչապետի հանձնարարականից հետո մեկ անձ՝ «Դուխով Հայաստան» «ֆեյք» էջի օգտատերը, ձերբակալվել է։