Սիրիան ՄԱԿ-ի ԱԽ արտահերթ նիստ է պահանջել Գոլանի բարձունքների հետ կապված

Օրերս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է Սիրիայի և Իսրայելի միջև վիճելի տարածք համարվող Գոլանի բարձունքներն իսրայելական տարածք ճանաչող հռչակագիրը

Սիրիայի Արաբական Հանրապետությունը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ է պահանջել Գոլանի բարձունքների շուրջ ստեղծված իրավիճակի առնչությամբ, այս մասին հաղորդում է AFP գործակալությունը՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրների:

Նիստի ժամկետների և այլ մանրամասներ չեն ներկայացվել:

Հիշեցնենք, որ օրերս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է Սիրիայի և Իսրայելի միջև վիճելի տարածք համարվող Գոլանի բարձունքներն իսրայելական տարածք ճանաչող հռչակագիրը:

«Սա պետք է տեղի ունենար տասնամյակներ առաջ», - ասել է ԱՄՆ նախագահը:

Ռուսաստանը, Գերմանիան, Իրանը, Սիրիան և Ֆրանսիան դեմ են արտահայտվել նման միակողմանի գործողություններին:

Գոլանի բարձունքները մինչ 1967 թվականն ընդգրկված են եղել Սիրիայի կազմում: 1967թ.-ի Վեցօրյա պատերազմի ժամանակ Իսրայելը գրավել է 1944թ.-ից Սիրիային պատկանող Գոլանի բարձունքը: 1981թ.-ին Իսրայելի խորհրդարանն օրենք է ընդունել, որով այդ տարածքի նկատմամբ միակողմանի կարգով հաստատվել է հրեական պետության ինքնիշխանությունը, սակայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը նույն թվականին 497-րդ բանաձևով չեղարկել է բռնակցումը: