ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը առաջիկայում կզանգահարի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ նախապատրաստվելու ուկրաինական պատերազմի կարգավորման հարցով հանդիպմանը։ Հեռախոսազրույցը կարող է տեղի ունենալ «առաջիկա օրերին կամ շաբաթներին»,- ասել է ԱՄՆ-ի առաջնորդի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայքլ Վալցը։ «Սա կլինի հետագա գործողությունների առաջին քայլը»,- ասել է նա ABC-ին: Վալցը հավելել է, որ Թրամփի և Պուտինի հանդիպման նախապատրաստական աշխատանքներն «արդեն ընթացքի մեջ են», սակայն ժամկետներ չի նշել։ Հարցին, թե արդյոք հանդիպմանը կմասնակցի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, նա պատասխանել է, որ ձևաչափը դեռ ճշտվում է։ |
Ըստ Վալսի՝ Թրամփը խոստովանում է, որ անհնար է ավարտել այս պատերազմն առանց Կրեմլի հետ երկխոսության, ինչպես նաև անիրատեսական է համարում Ռուսաստանին ամբողջությամբ դուրս մղելը Դոնեցկի, Լուգանսկի, Խերսոնի, Զապորոժիայի շրջանների և Ղրիմի օկուպացված հատվածներից։ «Բոլորը գիտեն, որ դա պետք է ավարտվի դիվանագիտական ճանապարհով։ «Չեմ կարծում, որ իրատեսական է ասել, որ մենք կվերագրավենք ուկրաինական հողի յուրաքանչյուր թիզը»,- նշել է ԱՄՆ-ի նախագահի խորհրդականը՝ հավելելով, որ արևմտյան այլ երկրների ղեկավարներ սկսում են դա հասկանալ։
Վալցն ընդգծել է, որ այժմ Կիևի առջև խնդիր է դրված բանակցություններին ընդառաջ կասեցնել ռուսական բանակի առաջխաղացումը և ամրապնդել իր դիրքերը. դրա համար անհրաժեշտ է իջեցնել մոբիլիզացիոն տարիքը 25-ից մինչև 18 տարեկան, քանի որ Ուկրաինայի զինված ուժերում զինուժի խիստ պակաս կա։ «Նրանք, իհարկե, անհավանական քաջություն են դրսևորել, շատ ազնիվ և տոկուն են եղել, բայց մեզ պետք է, որ այս խնդիրը լուծվի: Խոսքը միայն զենքի, զինամթերքի ու նոր չեկեր գրելու մասին չէ: Կարևոր է կայունացնել առաջնագիծը, որպեսզի մենք կարողանանք սկսել աշխատել ինչ-որ կարգավորման ուղղությամբ»,- բացատրել է Թրամփի խորհրդականը։
0Comments