«Աննա Հակոբյանի նամակը ռեկետ կամ շորթում չէ, հարկադրանք չի եղել». Փաշինյանի ու Աննա Հակոբյանի պարզաբանումը

Մանրամասներ
քպ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու կինը՝ Աննա Հակոբյանը տեսանյութ են հրապարակել, որտեղ անդրադառնում են «Իմ քայլը» հիմնադրամի անունից Աննա Հակոբյանին նամակին, որտեղ նա խնդրել էր նվիրատվություններ իրականացնել հիմնադրամին:

Փաշինյանը նշում է. «Դա ոմանք փորձ են արել ներկայացնել որպես ռեկետ, շորթում, եւ լավ կլիներ պատմեիր, թե ինչն ինչոց է»:

Իր հերթին Աննա Հակոբյանը նշել է. «Նամակն ուղղվում է խոշոր ընկերություններին, որտեղ ես ներկայացնում եմ հիմնադրամի ծրագրերը ամենայն մանրամասնությամբ եւ խնդրում եմ՝ դրանք հավանելու դեպքում ֆինանսապես աջակցել հիմնադրամին այդ ծրագրերը կյանքի կոչելու նպատակով:

Նման նամակներ ուղարկվել են 473 խոշոր ընկերությունների, որոնցից 383-ը չեն արձագանքել առհասարակ եւ ոչ մի լումա չեն փոխանցել:

Մենք պաշտոնապես ստացել ենք 4 մերժում տարբեր հյիմնավորումներով եւ դրական արձագանք ստացել ենք 86 ընկերությունից:

10 մլն-ը ես նշում եմ նամակում որպես կողմնորոշիչ գումար, որովհետեւ նամակն ուղղվում է խոշոր ընկերություններին և իրենք կարող են պատկերացնել, որ իմ ակնկալիքները շատ ավելի մեծ են: Այն 86 ընկերությունները, որ փոխանցել են գումարներ, դրանք եղել են 1-10 մլն դրամ: 86-ի կեսից ավելին նույնիսկ 10 մլն չեն փոխանցել, բայց փոխանցված յուրաքանչյուր դրամ մեզ համար մեծ արժեք է, որովհետեւ ծառայում է մեր ծրագրերի իրականացմանը»:

Աննա Հակոբյանը շնորհակալություն հայտնեց այդ ընկերություններին:

Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ այն փաստը, որ ընկերությունների մեծ մասը չի արձագանքել նամակին, մի քանիսն էլ մերժել են պաշտոնապես, նշանակում է, որ այդ մարդիկ որեւէ ձեւով պարտադրված չեն եղել դա անել. «Եթե կարող են նամակն անարձագանք թողնել կամ մերժել, հետեւաբար որեւէ հարկադրանք չկա եւ այդ ուղղությամբ բոլոր մտքերը առնվազն տեղին չեն»: